Աղբիւր՝ www.armenpress.am

 

Իտալիայի պատգամաւորների պալատի անդամ Ռոմինա Մուրան հարց է բարձրացրել երկրի կառավարութեան առջեւ` Իտալիայում Թուրքիայի դեսպանատան գործունէութեան առնչութեամբ: Այս մասին «Արմէնպրես»-ը տեղեկացաւ պատգամաւորի անձնական կայքից:

Մասնաւորապէս, նա գրել է. «Յաջորդ տարի կը նշուի Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած հայ ժողովրդի ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, որին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ: Այսքան տարի յետոյ էլ Թուրքիան շարունակում է ժխտել, որ իրագործել է ցեղասպանութիւն եւ ճնշման քաղաքականութիւն է վարում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ցեղասպանութիւն անուանումն են տալիս քրիստոնեայ հայերի ոչնչացմանը: Թուրքական կառավարութիւնը հասել է այն բանին, որ անգամ թիրախաւորել է Հռոմի պապ Ֆրացիսկին, ով այն անուանում է «20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն»»:

Պատգամաւորը գրել է հոկտեմբերի 24-25-ին իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնութեամբ Կ'ալեարի քաղաքում կայացած Միջերկրածովեան քաղաքականութեան 2-րդ միջազգային ժողովի մասին, որի քննարկումներից մէկն ամբողջութեամբ նուիրուած էր Հայոց ցեղասպանութեանը:

«Համաժողովին մասնակցում էին նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարեանը եւ Կ'ալեարիի քաղաքապետ Մասիմոյ Զեդան: Դրա ընթացքում քաղաքապետը ցոյց տուեց այն գաղտնի նամակը, որ ստացել էր Իտալիայում Թուրքիայի դեսպանատնից, որում գրուած էր` չմասնակցել այդ միջոցառմանը` համարելով այն ոչ խելամիտ: Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարեանն էլ հաստատել է, որ նմանատիպ ճնշումները Թուրքիայի կողմից դիւանագիտական ուղիներով բացառութիւն չեն Իտալիայում, եւ բազմիցս թուրքական իշխանութիւններն իրենց բողոքի նոտան են յղել Հայոց ցեղասպանութեան յիշատակման արարողութիւնների դէմ»,- գրել է նա:

Հաշուի առնելով վերոգրեալը` պատգամաւորն Իտալիայի կառավարութեան առջեւ հետեւեալ հարցն է բարձրացրել. «Չէք կարծում, որ վերոնշեալը թուրքական իշխանութիւնների կողմից դիւանագիտական ուղիներով լուրջ միջամտութիւն է այն հարցերին, որոնք վերաբերում են Իտալիայի Հանրապետութեան քաղաքացիների ազատ արտայայտմանը: Նպատակայարմար չէ՞ք համարում բողոքի ակցիա իրականացնել թուրքական կառավարութեան դէմ` Կ'ալեարիի քաղաքապետի նկատմամբ Իտալիայում թուրքական դեսպանութեան վերաբերմունքի համար»,-նշել է Մուրան: