Աղբիւր՝ www.hyeli.com

 

19-րդ դարավերջին Կոստանդնուպոլսում գործող հիմնական ստուդիաները պատկանել են հէնց հայ լուսանկարիչներին:

«Գեթթի» գիտահետազօտական ինստիտուտի գիտաշխատող Ջուլիա Գրիմսը ներկայացրել է 19-րդ դարում Օսմանեան կայսրութիւնում հայերի կեանքին նւիրւած Պիեր դէ Ջիգորդի հաւաքածուից մի հատւած: Լուսանկարների մեծ մասը հայ լուսանկարիչներ Պասկալ Սեբահի եւ Աբդուլա Ֆրերեսի ստուդիաներից է:

Օգտւելով լուսանկարների ֆրանսիացի կոլեկցիոներ Պիեռ դը Ջիգորդի մեծահոգութիւնից՝ «Գեթթի» գիտահետազօտական ինստիտուտը ներկայացնում է 19-րդ դարի Օսմանեան կայսրութիւնը վաւերագրող լուսանկարների հսկայական հաւաքածու, մասնաւորապէս այն հատւածից, որը մենք հիմա գիտենք որպէս Թուրքիա: Այդ լուսանկարների մի հսկայական հատւած ներկայացնում է Կայսրութեան ներսում բնակւող հայ համայնքը` կրօնական առաջնորդներով, ընտանիքներով, անհատներ` ամբողջովին էթնիկ տարազներով:

Բացի Օսմանեան մայրաքաղաք Պոլսի (այժմ` Ստամբուլ) խոշոր լուսանկարչական ստուդիաներում արւած լուսանկարներից, որոշ պատկերներ նաեւ արձանագրել են մանրամասներ այլ քաղաքների կեանքից, յատկապէս արժէքաւոր դիտարկումներ են ներկայացւում հէնց հայկական թաղամասերից:

«Հայ ընտանիք»,Պասկալ Սեբահ, 1880թ., Լոս Անջելես

Թերեւս Ջիգորդի հաւաքածուի ամենաապշեցուցիչ փաստը հայ լուսանկարիչների կողմից արւած լուսանկարների քանակն է: Հայերը յաճախ են աշխատել որպէս քիմիկներ, ոսկերիչներ ու դեղագործներ: Դրա շնորհիւ շատերն են տիրապետել լուսանկարչութեան համար անհրաժեշտ հմտութիւններին: Այն ժամանակ լուսանկարչութեան մէջ յատկապէս կարեւոր էր օգտագործւող քիմիական պրոցեսների մանրակրկիտ իմացութիւնը:

19-րդ դարավերջին Կոստանդնուպոլսում գործող հիմնական ստուդիաների մի մասը պատկանել են հէնց հայկական ծագումով լուսանկարիչներին: Պասկալ Սեբահը, օրինակ, իր «Էլ Չարք» ստուդիան բացել էր 1857-ին, եւ իր էլեգանտ, նրբաոճ դիմանկարների շնորհիւ այնպիսի յաջողութիւններ գրանցել, որ 1873-ին Կահիրեում բացում է երկրորդ մասնաճիւղը: Մահւանից յետոյ` դրանից 13 տարի անց, նրա անունը Կոստանդնուպոլսում դարձել էր ստուդիային լուսանկարչութեան հոմանիշը, եւ ստուդիայի յաջորդ կառավարիչը` Փոլիկարփ Ժոաիլիէն, չցանկանալով կորցնել համբաւը, այն վերանւանում է` «Սեբահ եւ Ժոաիլիէ»: Նրա գործը շարունակում է բարգաւաճել` անգամ ստուդիայի յաճախորդների ցանկում գրանցելով 1889-ին Կոստանդնուպոլիս այցելած Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդի անունը:

«Հայ տղամարդիկ»,Պասկալ Սեբահ, 1875թ., Լոս Անջելես

Տարազով երկու հայ տղամարդու լուսանկարը, որն արւել է մօտաւորապէս 1875-ին, ներկայացնում է Սեբահի վարպետութիւնը եւ ապացուցում, որ նա տիրապետել է լուսանկարչութեան տեխնիկական ասպեկտներին եւ դրանք լիարժւք կիրառել` որպւս գեղարւեստական արտայայտչամիջոց: Տղամարդկանց պաշտօնական դիրքը ցուցադրում է նրանց հայկական աւանդական տարազի բաղկացուցիչ լայն տաբատները, վզկապներն ու գլխարկները, որով դիտողները պէտք է անհապաղ նոյնականացնէին հայերին: Նրանց դէմքի արտայայտութիւնը համապատասխանում է կեցւածքի արժանապատւութեանը: Սա ստուդիայում արւած լուսանկար է, ամենայն հաւանականութեամբ, հէնց Սեբահի կամ նրա օգնականի կողմից, որով այս մարդկանց ներկայացնում են որպէս հայկական էթնոսի տիպար, որին ինքը եւս պատկանում էր: Կիսատօների համաչափութիւնը, կամ այն եղանակը, թէ ինչպէս են դարչնագոյնի տարբեր երանգներն արտայայտւում լուսանկարի վրայ` վաղ լուսաւորւածից մինչեւ գրեթէ սեւ, ներկայացնելով լոյսն ու ստւերը, Սեբահի վարպետութեան առաւել վառ ապացոյցներից են:

«Կոստանդնուպոլիս. Հայ հարսը»,Պասկալ Սեբահ, 1873թ., Լոս Անջելես

Նմանատիպ տոնայնութիւն ու կոմպոզիցիա է նկատւում Սեբահի «Թուրքիայում 1873-ին յայտնի զգեստները» ալբոմում: Լուսանկարում պատկերւած է հայ հարսնացու (կենտրոնում):

Պասկալ Սեբահի սահմանած բարձր չափորոշիչները մնացին իր ստուդիայի ձեռագիրը նոյնիսկ նրա մահից յետոյ: 1894-ին «Սեբահ ու Ժոաիլիէ» ստուդիայի արած Մարմարա ծովի ափին գտնւող Բրիւսի հայկական թաղամասի լուսանկարը բլուրից արւած անսովոր տեսարան է ներկայացնում: Պայծառ արեւը խնդիրներ էր ստեղծում, քանի որ կարող էր լղոզել դէմքերն ու իրերը, սակայն լուսանկարիչը լուծեց խնդիրը` երեխային ծառերի մօտ կանգնեցնելով, ինչի շնորհիւ ստւերը չեզոքացրեց փայլը: Լուսանկարի ուշադիր ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ բոլոր մարդիկ կամ ծառերի, կամ երկհարկանի շինութիւնների ստւերում են:

«Աբդուլահ Ֆըրիերզ» լուսանկարչական ստուդիան, որը ղեկավարւում էր երեք հայ եղբայրների կողմից, բացւել է 1858 թւականին, եւ այնքան արագ է համբաւ ձեռք բերել իր տեխնիկական եւ արտիստիկ հնարների շնորհիւ, որ ընդամէնը 5 տարի անց եղբայրները դարձել են սուլթանի արքայական լուսանկարիչները: 1867 թւականին նրանք ցուցադրեցին Կոնստանդնուպոլսի 220 սանտիմետր երկարութեամբ համայնապատկերը Փարիզի Երկրորդ միջազգային ցուցահանդէսին: Այսպիսով իրենց` որպէս համայնապատկերի լուսանկարիչների ունակութիւնները ցուցադրւեցին միջազգային ասպարէզում: Եղբայրները լուսանկարում էին բազմաթիւ հանրայայտ յաճախորդների, այդ թւում` Ֆրանսիայի կայսրուհի Էժենիին եւ Ուելսի արքայազն Էդւարդին` Թուրքիա այցի ժամանակ:

«Հայ պատրիարք»,Պասկալ Սեբահ, 1880թ., Լոս Անջելես

1886 թւականին նրանց համբաւը հասաւ Եգիպտոս, ու տեղի խեդիւի (փոխ-սուլթանի) անձնական խնդրանքով նրանք բացեցին մասնաճիւղ Կահիրեում: Կոնստանդնուպոլսեան ստուդիան միաւորւեց Պասկալ Սեբահի հետ, երբ Աբդուլա Ֆրերեսը վաճառեց այն «Սեբահ ու Ժոաիլիէին» 1900 թւականին:

Աբդուլա Ֆրերեսին յաջողութեան հասաւ գեղանկարչական, դիմանկարային եւ Օսմանեան կայսրութեան մեծ քաղաքների առօրեայ կեանքի լուսանկարչութիւնում: Ստամբուեան Գալատայի կամուրջի նրանց լուսանկարը նշանակալի է Հին Քաղաքի տեսքը պատկերելու շնորհիւ: Մինարեթները վեր են խոյանում հեռվւում, իսկ կենտրոնական պլանում նաւակների պատկեր է` քաղաքային տեսարան, ուր պատմական անցեալը հանդիպում է ժամանակակից առօրեային:

Ստուդիայում արւած հինգ լուսանկարը ցոյց է տալիս փողոցային առեւտրի տարբեր տեսակները: Աւանդական զբաղմունքը պատկերելու համար ընտրւել է յատուկ հետնաբեմ, ստուդիական լուսաւորում:

«Հայկական թաղամասը», «Սեբահ ու Ժոաիլիէ» ստուդիա, 1894թ., Լոս Անջելես

Պակաս բեմականացւած, սակայն եռանդով լի լուսանկար` Կոնստանդնուպոլսի հրշեջների բրիգադը: Բազմաթիւ շինութիւնների հնութեան, իրար մօտ գտնւելու ու կառուցապատման ընթացքում փայտի օգտագործման պատճառով, քաղաքն ապրում էր հրդեհի անընդհատ սպառնալիքի ներքոյ, ինչը մեծացնում էր հրշեջների նշանակութիւնը: Նւիրելով նրանց լուսանկարների հաւաքածու` Ֆրերէն կարեւորեց նրանց նշանակութիւնը քաղաքացիական կեանքում, միաժամանակ արտացոլելով Կոնստանդնուպոլսի քաղաքային իշխանութիւնների ժամանակակից լինելն ու պատրաստւածութեան աստիճանը:

«Վանդակաւոր բաճկոններով հայ տղամարդիկ», «Չամլիդջեան» ստուդիա, 1883թ., Լոս Անջելես

Այս մի քանի օրինակները բացայայտում են 19-րդ դարի հայ լուսանկարիչների գործերի միայն մի փոքր մասը: Տասնեակ այլ հայ լուսանկարիչներ աշխատում էին ոչ միայն Օսմանեան կայսրութիւնում, այլեւ Կենտրոնական Ասիայում ու Արեւելեան Եւրոպայում: