Աղբիւր՝ www.yerakouyn.com
Շարժայի կառավարիչը` Արաբական Միացեալ Էմիրութիւնների ազդեցիկ գործիչներից մէկը` շէյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջի վրայ` նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրութեան տարածքում գտնւող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչւում է հայկական պատմական Ջուլֆայի (Ջուղայի) հետ: Դոկտոր շէյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին պատմական հետազօտութիւնների հեղինակ է եւ յայտնի է իր բազմաթիւ բարեգործութիւններով:
Նա Հայաստանում Հաղարծին վանքային համալիրի հիմնանորոգման ֆինանսաւորողն է, որի համար արժանացել է համատարած հիացմունքի` պատմութեան մէջ մնալով այն եզակի մահմեդականներից, որ հսկայական գումար է նւիրաբերել քրիստոնէական կրօնական համալիրի հիմնանորոգման համար: 75-ամեայ Ալ Քասիմին կարեւոր ու ազդեցիկ դէմք է համարւում արաբական աշխարհի մէջ. նա իշխանութեան է եկել 1972 թւականին, երբ թագաւորը (իր եղբայրը) սպանւել է յեղաշրջման փորձի ժամանակ: 2005-ին շէյխը, Արաբական Միացեալ Էմիրութիւններում բնակւող մեծահարուստ հայերի հետ այցելել է Հայաստան եւ հէնց այդ ժամանակ էլ, այցելելով Հաղարծին, հիացել է վանքի պատմութեամբ ու խորհրդաւորութեամբ եւ խոստացել հիմնանորոգել այն: Ջուլֆար քաղաքի հայկական ծագման առնչւող յայտարարութիւնը շէյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին նախ արել է նոյեմբերի սկիզբը Շարժայի Գրքի միջազգային փառատօնի ժամանակ, այնուհետեւ այն գրառել է իր անւամբ կայքի վրայ եւ խոստացել իբրեւ պատմաբան ու հետազօտող միջոցներ ներդնել եւ աւելի հանգամանալից պարզել (պեղումների եւ այլ հնարաւոր ձեւերով) Ջուլֆարի հայկական ծագումը: Շէյխը միաժամանակ յիշել է, որ երբ 1959 թւականին այցելել է Սպահան, տեսել է նոր-ջուղայեցիներ, ինչպէս նաեւ հսկայ հայկական եկեղեցին` ոսկէ գմբէթով:
168.am-ի հետ զրոյցի ընթացքում պատմաբան, նախիջեւանագէտ Արգամ Այւազեանը չբացառեց պատմական գիտութիւնների դոկտոր արաբ շէյխի նշած վարկածը, նշելով, որ ջուղայեցիները շրջիկ առեւտրականներ են եղել եւ աշխարհի բոլոր կողմերն էլ հասել են. «Ընդ որում, ոչ միայն շրջել եւ առեւտուր են արել, այլ նաեւ` հիմնաւորւել եւ բնակւել են»,- ասել է պատմաբանը` նշելով, որ մնում է միայն պարզել նշւած յայտարարութեան որոշ մանրամասնութիւններ, ինչպէս օրինակ, արաբական Միացեալ Էմիրութիւնների նշւած բնակավայրը հի՞ն, թէ՞ նոր ջուղայեցիները հիմնել են, հայկական ի՞նչ հետքեր են պահպանւել այդ վայրի մէջ եւ այլն: Արաբ շէյխն այս յայտարարութեամբ միաժամանակ ժխտել է արաբ պատմագիտութեան այն տւեալը, որ միջնադարեան արաբ հանրայայտ նաւավար Ահմադ Իբն Մաջիդը ծնւել է Ջուլֆարի մէջ:
Շէյխն ասել է. «Ջուլֆար քաղաքը հայկական ինքնամփոփ եւ փակ կառոյց էր եւ Իբն Մաջիդը չէր կարող այնտեղ ծնւել եւ բնակւել»: Յայտարարութիւնը ոգեւորութիւն է յառաջացրել Արաբական Միացեալ Էմիրութիւնների հայութեան մօտ. սոցիալական ցանցերի վրայ նրանք աշխոյժ ձեւով քննարկում են թեման` ցանկութիւն յայտնելով վարկածը հաստատւելուց յետոյ դիմել շէյխին եւ առաջարկել հայկականացնել Ռաս Ալ-Խայմայի պատմական կենտրոնը: Տեղի հայերը չեն մոռացել շէյխի մէկ այլ առատաձեռն նւիրատւութիւնը` 1990-ականներին նա Շարժայի եկեղեցու հողատարածքը նւիրաբերել է հայերին, եւ նրա նւիրաբերած այդ տարածքի վրայ այսօր գործում է Շարժայի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցին: