Աղբիւր՝ www.tert.am
Բիթլիսի փոխ-նահանգապետ Սալիհ Ալթունը խոստովանել է, որ ինքը թշնամութեամբ է լցւած ներկայիս Թուրքիայի տարածքում հայկական ժառանգութեան նկատմամբ:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով «Ակօս»-ը, այդ մասին Բիթլիսի փոխ-նահանգապետը յայտարարել է քաղաքում Սուրբ Ախպէրիկ հայկական վանքը վերականգնւելու կապակցութեամբ:
«Եթէ չեմ սիրում մարդուն, նրա կառուցած շէնքն էլ չեմ սիրում: Ինչու՞ պէտք է այն պահպանեմ»,- ասել է Ալթունը` նկատի ունենալով հայերին: Նա ասել է, որ չեն կարող մի կողմ թողնել «իրենց նախնիների` օսմանների եւ սէլջուկների ժառանգութիւնը եւ պահպանել օտարներինը»:
Նշւում է, որ թուրք փոխ-նահանգապետն այդ մասին խօսել է անցեալ շաբաթ Շինարար ճարտարագէտների տան եւ Բիթլիսի «Էրեն» համալսարանի կազմակերպած Պատմական յուշարձանների ամրացման եւ ապահով կերպով ապագային փոխանցելու աշխատանքների յանձնաժողովում ունեցած ելոյթում:
Պետպաշտօնեայի նման պահւածքը խօսում է այն մասին, որ դրանով նա ներկայացրել է հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ Թուրքիայի ղեկավարութեան շրջանակներում առկայ տրամադրւածութիւնը:
Աւելի վաղ Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը մերժել էր քաղաքի փողոցներից մէկը աշխարհահռչակ գրող Վիլեամ Սարոյեանի անունով անւանակոչելու առաջարկը` հիմնաւորելով դա այն բանով, որ իբր «Սարոյեանը ոչ մի կապ չունի Բիթլիսի հետ»: