Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա իր այցելութեան ընթացքում Ֆրանսայի Միջազգային յարաբերութիւնների հիմնարկում իր արտասանած խօսքի մէջ յայտարարել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացման համար իրենք քայլերի են ձեռնարկել, սակայն իրենց «բարի մտադրութիւնները» անպատասխան են մնացել:

«2015-ին, այսինքն` 1915-ի դէպքերի տարելիցին, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպէսզի աշխարհն իմանայ իրականութիւնը: Կասկած չկայ, որ այս հարցում ոչ թէ յօրինւած կամ գաղափարախօսութեան գերի ու քաղաքական նիւթ դարձած պատմութիւնն է յաղթելու, այլ` իսկական պատմութիւնը»,- յայտարարել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիայի դէմ տարիներ շարունակ ճնշում է գործադրւում տարբեր հարցերի մէջ, որոնց շարքին` 1915-ի առնչութեամբ:

«Հակառակ մեր կառուցողական մօտեցումին, Հայաստանն ու հայկական սփիւռքը ողջախոհ մօտեցում չեն ցուցաբերում այդ հարցը քաղաքական հարց չդարձնելու, այն պատմաբաններին ձգելու հարցի մէջ: Ձգենք պատմաբաններին»,- ասել է Էրդողանը:

Նա դարձեալ յայտարարել է, որ իրենք բացել են արխիւները, որտեղ միլիոնից աւելի փաստաթղթեր կան:

«Եթէ Հայաստանն էլ այդպիսի արխիւ ունի, թող բանայ, երրորդ երկրներն էլ եթէ ունեն, թող բանան, եւ այդ փաստաթղթերի հիման վրայ պատմաբանները թող աշխատեն, հնագէտները թող աշխատեն, իրաւագէտները, քաղաքագէտները: Նրանց կատարած բացայայտումների զարգացման համար ձեռք երկարողը դարձեալ մենք եղանք, սակայն մեր բարի կամքը դժբախտաբար, պատասխան չստացաւ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Միւս կողմից, «Արմէնփրես»-ը վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատու գործակալութիւնը, հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլլանդը Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպումից յետոյ լրագրողներին յայտնել է, որ ինքը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման հարցը: Նրանխ քննարկել են ղարաբաղեան տագնապի լուծման խնդրով զբաղւող Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբակի գործունէութիւնը: