Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Էրմենիհաբեր» կայքը հաղորդում է, որ պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախօս Էթիեն Մահչուփեանը նշանակւել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի գլխաւոր խորհրդական:

Նա սիւնակագիր է եղել թրքական ընդդիմադիր «Զաման» օրաթերթի մէջ, ապա տեղափոխւել է իշխանամէտ «Աքշամ» օրաթերթ: Մահչուփեանն անդամ է քրդական հարցի կարգաւորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծւած «Իմաստունների խորհրդի», որի մէջ ներառւել են ոչ-կառավարական կազմակերպութիւնների, գիտական ու լրագրական շրջանակների աւելի քան վեց տասնեակ ներկայացուցիչներ:

Իշխանամէտ օրաթերթերից «Սաբահ»-ը գրում է, որ նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայութեան յղած ցաւակցական ուղերձից յետոյ Դաւութօղլուի խորհրդականի պաշտօնի ազգութեամբ հայի նշանակումը կարեւոր քայլ է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հոլովոյթը զարգացնելու համար:

Ըստ «Սաբահ»-ի, Մահչուփեանն այդ պաշտօնս ստանձնելու առաջարկն ստացել է անձամբ վարչապետից` անցեալ շաբաթ, երբ տեղի է ունեցել «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովը, որի աւարտին Դաւութօղլուն հանդիպել է Մահչուփեանի հետ եւ նրան առաջարկել ստանձնել գլխաւոր խորհրդականի պաշտօնը: Մահչուփեանն ընդունել է առաջարկը եւ նշանակւել:

Դաւութօղլուն կարեւոր է նկատել է Մահչուփեանի ունեցած ներդրումը Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման, պետական ու հանրային նիւթերի մէջ կառուցողականութեան դրսեւորման գործի մէջ: Նշւում ի նաեւ, որ Մահչուփեանը դերակատարութիւն է ունենալու հայկական հարցի կարգաւորման գործի մէջ, մանաւանդ որ Հրանդ Դինքի սպանութիւնից յետոյ «Ակօս» օրաթերթի գլխաւոր խմբագրի պարտականութիւնները կատարելու ընթացքում արդէն ձեռք է բերել հանրային լայն ճանաչում: