Աղբիւր՝ www.hyeli.com
Համայն աշխարհի հայութեանը,
բարի կամքի եւ արդարութեան կողմնակից բոլոր մարդկանց`
միացիր եւ միացրու
10-րդ դարում հայոց մայրաքաղաք հռչակւած Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թէեւ վիրաւոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզօրութեամբ ու եկեղեցիների առատութեամբ, մշակութային բարձրարժէք կոթողներով ու հայկականութեան անհերքելի փաստերով:
Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականութեանը, քանի որ Թուրքիայի կառավարութիւնը մշակութային կոթողների վերականգման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք եւ օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարեայ ոչնչացրած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրութիւններ, որմնանկարներ եւ այլն: Անի ժամանած զբօսաշրջիկներին թուրք զբօսավարները հայկական արձանագրութիւնները ներկայացնում են որպէս վերացած անյայտ ժողովրդի թողած հետքեր, եւ պատմութիւնն ու արդարութիւնը խեղւում են ամէն պահ ու անպատիժ:
Հաշւի առնելով այս ամէնը, կոչ ենք անում Հայոց Մեծ եղեռնի 100-ամեակին ընդառաջ ազգովի հանդէս գալ պահանջատիրոջ կարգավիճակով եւ միջազգային հանրութեան ու ԻՒ.Ն.Ե.Ս.Կ.Օ.-ի աջակցութեամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարւի հայ մասնագէտների կողմից կամ մասնակցութեամբ, որ Անիի Բագրատունի թագաւորները չներկայացւեն որպէս Բագրատողլի փաշաներ, որ մատուցւի ճշմարիտ եւ իրական պատմութիւնը:
Ժամանակն է ցոյց տալ աշխարհին, որ հայ նոր եւ ապագայ սերունդների մէջ դոյզն ինչ չի մարել պատմական արդարութեան վերականգման կամքն ու հաւատը: Ժամանակն է ցոյց տալ, որ Եղեռնի հետեւանքով աշխարհասփիւռ դարձած հայութիւնը պահանջատեր է հայ հոգեւոր-մշակութային ժառանգութեանը:
Անին հայինն է եւ միշտ հայկական
«Միացիր եւ միացրու», - այս է այսուհետ ամէն ճշմարիտ հայի հրամայականը:
Մենք դիմում ենք Միաւորւած Ազգերի Կրթութեան, Գիտութեան եւ Մշակոյթի Կազմակերպութեանը (ԻՒ.Ն.Ե.Ս.Կ.Օ.) գործօն միջոցներ ձեռնարկել կանխելու համաշխարհային մշակութային ժառանգութեան՝ հայկական յուշարձանների աւերումը եւ կերպափոխումը:
Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառոյցներին, աշխարհասփիւռ հայութեանը միանալ մեր դիմումին եւ ստորագրութեամբ պահանջատէր դառնալ Հայոց մայրաքաղաքին եւ նրա հոգեւոր մշակութային արժէքներին:
Համաշխարհային հայկական կոնգրես
եւ Ռուսաստանի հայերի միութիւն
«Հայ ասպետ» կրթա-դաստիարակչական
բարեգործական հիմնադրամ
Ստորագրահաւաքին մասնակցելու համար այցելէք այստեղ: