Աղբիւր՝ www.yerkir.am

 

Անկախ սիրիական տագնապի ամբողջ տեւողութեան Թուրքիայի որդեգրած դերակատարութիւնից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահւածքը Սիրիայի հիւսիսային շրջաններում իրադարձութիւնների, յատկապէս՝ Հայոց ցեղասպանութիւնից վերապրածների կողմից հիմնադրւած Արաբունար (քրդերէն՝ Քոբանի, արաբերէն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրայ «Իսլամական պետութեան» յարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան յստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետութեան» միջոցով գրաւել հիւսիսային Սիրիան։

Այս մասին է վկայում Թուրքիայի որոշումը՝ այս պահին եւ այս դէպքում փակել Սիրիայի հետ իր սահմանի այս հատւածը՝ թոյլ չտալու, որ Թուրքիայի ճամբով օժանդակութիւն հասնի Քոբանիի քրդական դիմադրութեանը։ Այս դէպքում Թուրքիայով ճամբան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թոյլ է տւել որ աշխարհի տարբեր երկրներից զինեալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դէպի Սիրիա, ներառեալ՝ Քեսապ։

Թուրքիան իր այս կեցւածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ յայտարարելով. իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից յետոյ յարձակումները շարունակել դէպի Քամիշլի եւ այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստօրէն աջակցելով «Իսլամական պետութեան» այս գործողութիւններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցութեան տակ առնել նրան եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձութիւնների վրայ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝

– Իր զօրակցութիւնն է յայտնում փաստօրէն թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին։

– Պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով առաջքն առնել այս ագրեսիային, ապահովել խաղաղ ազգաբնակչութեան անվտանգութիւնը ամբողջ շրջանում։

– Պահանջում է Թուրքիայի դաշնակից պետութիւններից սանձել Թուրքիայի կողմից հովանաւորւած ագրեսիան՝ զսպելով Թուրքիայի ծաւալապաշտ քաղաքականութիւնը։

Քոբանիում արդէն տեղի ունեցած եւ յետագայ բոլոր ողբերգութիւնների, մարդկութեան դէմ ոճիրների գլխաւոր պատասխանատուն համարում ենք Թուրքիային։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն