Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ֆրանսայի արտաքին գործոց եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիւսը չորեքշաբթի՝ հոկտեմբեր 1-ին անդրադարձել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վրայ կատարւած յարձակումին՝ խստօրէն դատապարտելով կատարւածը:

«Դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու քանդումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականութեան եւ յարգանքի համար պայքարելու բոլոր հոգեւոր առաջնորդների յանձնառութիւնը»,- ասել է նախարարը, ըստ Հայաստանի մօտ Ֆրանսայի դեսպանատան:

Լորան Ֆաբիւսը նաեւ շեշտել է, որ սիրիական եւ իրաքեան մշակութային ժառանգութիւնները սպառնալիքի տակ են: «Մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու պարտաւորութեան թերացումը պատերազմի յանցագործութիւն է, որի պատասխանատուները պիտի պատժւեն Միջազգային քրէական դատարանի կողմից: Մ.Ա.Կ.-ի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան հետ միասին, Ֆրանսիան մշակութային ժառանգութեան պահպանութեան մասին համաձայնագրերը յարգելու կոչ է անում»,- աւելացրել է նախարարը:

Նշենք, որ ինքն իրեն «Իսլամական պետութիւն» կոչող ծայրայեղական խմբաւորումը սեպտեմբերի 21-ի առաւօտեան պայթեցրեց Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը նւիրւել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այնտեղ ամփոփւել էին Մեծ Եղեռնի բազմաթիւ նահատակների մասունքները։