Աղբիւր՝ www.asbarez.com
Անկարայի համալսարանի լեզւի, պատմութեան եւ աշխարհագրութեան բաժանմունքի հայոց լեզւի բաժնի պատասխանատու Եաւուզ Այդընը, Թուրքիայում առաջին անգամը լինելով իսլամների սուրբ գիրքը հանդիսացող Քուրանը թարգմանել է արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի։
Թրքական «Ռոթահաբեր» կայքի համաձայն՝ Այդընը նշել է, որ թարգմանութեան նպատակն եղել է աշխարհի հայերին ներկայացնել «իսլամութեան մայր աղբիւրի գեղեցկութիւնը, այնտեղ ներկայացւող հանդուրժողականութիւնն ու աշխարհին տրւած ուղերձները»:
Գրքի խմբագիրն է «Ակօս» թերթի հայկական բաժնի պատասխանատու Բագրատ Էսթուքեանը:
Այս լուրը յստակացնելով՝ «Մարմարա»-ի ընթերցողներից Մ. Քէլէշեանը գրած է, որ Քուրանն առաջին անգամ հայերէնով տպւել էր 1910-ին։ Թարգմանութիւնը կատարւել էր արաբերէնից։ 1912-ին հրատարակւել է ֆրանսերէնից կատարւած մի այլ թարգմանութիւն։ Երկուսն էլ թարգմանւել էին արեւմտահայերէնի։ Արեւելահայերէնով մի թարգմանութիւն իրականացել էր Երեւանում, Իրանի դեսպանատան օժանդակութեամբ։ Այս թարգմանութիւնը կատարւել էր Եդւարդ Հախվերդեանի կողմից՝ պարսկերէնից, երեք տարւայ աշխատանքով։ Մի խումբ արաբագէտներ էլ օժանդակել էին սոյն թարգմանութեանը։ Քուրանի 30 մասերն անջատ-անջատ կարդացւել ու հաստատւել էին Թեհրանի Քուրանի ուսումնասիրութիւնների կենտրոնի կողմից։ 1000 տպաքանակով այս տպագրութիւնը իրականացւել էր 2007-ին։