Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Ս. Էջմիածինի դատապարտումը

Մայր աթոռ Ս. Էջմիածինը խստօրէն դատապարտում է հայոց նւիրական սրբավայր հանդիսացող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբաւորումների կողմից: Հայոց ցեղասպանութեան նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու  աւերումն անարգալից քայլ է հայ ժողովրդի եւ նրա սուրբ նահատակների յիշատակի նկատմամբ:

«Տեղի ունեցածն անթաքոյց դրսեւորում է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի յիշատակութեան շրջանակներում հարւածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարւածն անմարդկային բարբարոսութիւն է եւ չի կարող արդարացւել որեւէ կրօնի կամ գաղափարախօսութեան կողմից, որ հիմնւած է աստւածպաշտական եւ մարդասիրական արժէքների վրայ:

Յորդորում ենք մեր ժողովրդի զաւակներին առաւել ամրապնդւելու մեր նահատակների հանդէպ յարգանքի իրենց ուխտի մէջ եւ ի դերեւ հանելու չարագործների բոլոր դաւադրութիւնները: Կոչ ենք ուղղում նաեւ միջազգային հանրութեանը դատապարտել յիշեալ վայրագութիւնը` կանխելու համար նման ոճրագործութիւնների հնարաւոր կրկնութիւնը»,- նշւել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի հաղորդագրութեան մէջ:

 

Սփիւռքի նախարարի կոչը

21 սեպտեմբերին Դ.Ա.Հ.Ե.Շ. ահաբեկչական խմբաւորումն ականահարել է Սիրիոյ Դեր Զոր քաղաքի Ռաշտիէ թաղամասում գտնւող Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած Սրբոց Նահատակաց յուշահամալիրի պատմական եկեղեցին:

Այս առնչութեամբ Հայաստանի հանրապետութեան Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը յայտնում է. «Նախարարութիւնը խստօրէն դատապարտում է այս անասելի վայրագութեան, մշակութային ցեղասպանութեան նոր դրսեւորումը, կոչ է ուղղում սփիւռքեան բոլոր կառոյցներին եւ կազմակերպութիւններին, զանգւածային լրատւամիջոցներին` հայ ժողովրդի նւիրական սրբավայրի դէմ իրագործւած այս սոսկալի վանդալիզմի դէմ բողոքի ձայն բարձրացնելու, դիմելու իրենց բնակած երկրների իշխանութիւններին, օտարերկրեայ դեսպանութիւններին, միջազգային կազմակերպութիւններին, մշակոյթի պահպանութեամբ զբաղող հեղինակաւոր կառոյցներին` դատապարտելու Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակի,  հայ ժողովրդի եւ բոլոր ազգերի, մարդու եւ ամբողջ մարդկային քաղաքակրթութեան դէմ իրականացւած ոճիրը եւ միջոցներ ձեռք առնելու` ուղիներ գտնելու, կանխելու համար նման քստմնելի յանցագործութիւնները:

Վստահ եմ, որ ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրեակին, համայն հայութիւնը դրսեւորելու է միասնական կամք ու վճռակամութիւն` իր ձայնը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին»:

 

Ծերակուտական Ջիմ Քոսթան դատապարտում է

Միացեալ նահանգների ծերակուտի անդամ Ջիմ Քոսթան խստօրէն դատապարտել է Դ.Ա.Հ.Ե.Շ.-ի կողմից 21 սեպտեմբերին Հայոց ցեղասպանութեան զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը: Ըստ «Արմէնփրես»-ի, Քոսթան այս մասին նշում է կատարել «Թւիթեր»-ի իր էջի մէջ:

«Խստօրէն դատապարտում եմ Դ.Ա.Հ.Ե.Շ.-ի կողմից Հայոց ցեղասպանութեան յուշարձանի պղծումը Սիրիայում»,- գրել է նա: