Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայում գործող անշարժ գոյքի խորհրդատւական մի ընկերութիւն համացանցի վրայ մի յայտարարութիւն է տեղադրել մի հողատարածքի վաճառքի մասին, որտեղ ներկայացւում է իբրեւ «700 տարւայ հայկական գիւղի» տարածք: Կազմակերպութեան պատասխանատուները նմանօրինակ յայտարարութեան տեղադրումը բացատրել են հետեւեալ պատճառաբանութեամբ. «Եթէ նշէինք, որ այգի է վաճառւում, ոչ ոք այսչափ չէր հետաքրքրւի»,- տեղեկացնում է թրքական «Միլլիյէթ» թերթը:

Կազմակերպութիւնը վաճառքի է հանել նաեւ մի «700 տարւայ հին հայկական գիւղ»:

Տարածքները գտնւում են Պուրսա նահանգի Գիւվենլը գիւղում։ Առաջինի տարածքն է՝ 8,416 ք.մ., իսկ երկրորդինը՝ 1,989 ք.մ.։ Առաջինի համար սահմանւած գինը 90,000 թրքական լիրա է (մօտաւորապէս 54,000 դոլար), երկրորդի համար՝ 105,000 լիրա (63,000 դոլար):

Ընկերութեան ներկայացուցիչը յայտնել է, որ յայտարարութիւններում տեղ գտած «հին հայկական» ձեւակերպումը բազմաթիւ հեռաձայնների պատճառ է դարձել: Մինչեւ իսկ Բելջիքայից հետաքրքրւողներ են եղել: Նա նաեւ նշել է, որ իրենք օգտագործել են «հին հայկական» արտայայտութիւնը, որպէսզի հնագիտական հետաքրքրութիւններ արթնացնեն գնորդների մէջ, քանի որ տարածքի վրայ կարող են պեղման աշխատանքներ իրականացնել:

Գիւղը նախապէս կոչւել է Քարսաք: Մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը, այնտեղ ապրել են աւելի քան 5,000 հայեր: Ցեղասպանութեան տարիներին գիւղը հայաթափւել է եւ հայերի մէկ մասը գաղթել Բուլգարիա: