Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն քննադատել է Թուրքիային Սիրիայի տարածքում մարտնչող "Ալ Նուսրայի ճակատ" եւ "Ահրար ալ Շամ" ծայրայեղական խմբաւորումներին օգնելու համար: Ռիկարդոնեն նշել է, որ իրենք բազմիցս կոչ են արել չօգնել այդ խմբաւորումներին, սակայն չնայած այդ զգուշացմանը, թուրքական կառավարութիւնն աչք է փակում այն հանգամանքի վրայ, որ նրանք հեշտութեամբ հատում են թուրք-սիրիական սահմանը:
Նախկին դեսպանը նշել է, թէ իրենք Սիրիայում կռւող ընդդիմադիր խմբաւորումներին բաժանում են ըստ գոյների. կարմիրով ընդգծում են "բացայայտ թշնամիներին", դեղինով՝ "միջիններին", իսկ կանաչով՝ "վստահելի բարեկամներին": Թուրք պաշտոնեաներն օգնում են դեղինով նշւած խմբերին, հաւատալով, որ կը կարողանան համոզել նրանց եւ "կանաչի վերածել": "Մենք նրանց ասում ենք՝ իհարկէ դա հնարաւոր է, սակայն այն խմբերից շատերին, որոնց դուք փորձում էք համոզել, "կարմիր գծից" այն կողմ ենք համարում: Նրանց հետ աշխատելը հնարաւոր չէ: Դուք էլ եթե չաշխատեք նրանց հետ, լաւ կը լինի: Չպէտք է թոյլ տաք, որ այդ խմբերը հատեն սահմանը",- ասել է նա:
Յիշենք, 2014 թ. մարտի դէպքերը, երբ Սիրիայի հայաշատ Քեսաբի եւ յարակից հայաբնակ գիւղերի նկատմամբ մօտ 5000 սիրիական ընդդիմադիր ուժերի մասնակցութեամբ յարձակում իրականացւեց նաեւ Թուրքիայի տարածքից: Իսկ վերջերս հրապարակւել են բազում փաստեր, որ Թուրքիան զինում է աշխարհի կողմից հիմա արդէն մերժւած "Իսլամական պետութիւն" խմբաւորմանը։