Աղբիւր՝ www.asbarez.com
5 սեպտեմբերին Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակել է մի յայտարարութիւն, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ որդեգրւած նոր քաղաքականութեանը։
Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիւերսիոն գործողութիւնների անյաջողութեան պատճառած ցնցումից՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարութիւն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսութեան ծանր վիճակի, ներքաղաքական լարւածութեան, արտագաղթի եւ մարդու իրաւունքների ոտնահարման մասին։
Այս սին յայտարարութիւններին լրատւամիջոցներից զատ ներգրաււած են նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնական օղակները, եւ անձամբ Իլհամ Ալիեւը:
Իր տասնեակ զինւորների անիմաստ մահւան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գօտում երիտասարդութեան եւ հասարակայնութեան ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ յարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդէս էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտութիւնը քօղարկող յայտարարութիւններով եւ յաւելել, թէ Հայաստանի տնտեսութիւնը քայքայւած է, Երեւանն իբր ընդունում է, որ ի զօրու չէ ինքնուրոյն ապահովել իր անվտանգութիւնը, երկիրը դատարկւում է եւ շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկայ:
Ադրբեջանի նման գործելաոճը նպատակ է հետապնդում Հայաստանը պահել մեկուսացման եւ շրջափակման մէջ, ստւեր նետել միջազգային ասպարէզում Հայաստանի բարձր վարկանիշի վրայ եւ հնարաւորինս նւազեցնել զբօսաշրջութեան եւ ներդրումային հոսքերը:
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերթական անգամ յայտարարում է, որ Հայաստանի զինւած ուժերը վստահօրէն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով, խստօրէն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժէք գործողութիւնների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրւող նպատակային խախտումների դէպքում: Իսկ Հայաստանը, որը ողջ աշխարհում յայտնի է իր բացառիկ եւ հարուստ պատմամշակութային ժառանգութեամբ, աշխարհագրական բազմազանութեամբ եւ հիւրերի հանդէպ ջերմ ու բարեհամբոյր վերաբերմունքով, միանգամայն անվտանգ երկիր է, ուր տիրում է օրէնքի գերակայութիւնը, իսկ մարդու իրաւունքները եւ ազատութիւնները համարւում են բարձրագոյն արժէք: