Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ադրբեջանում Զ.Լ.Մ.-ների նկատմամբ գրաքննութիւն մտցնելու վերաբերեալ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի գոստոսի 29-ին ունեցած յայտնի ելոյթից յետոյ այդ երկրի օլիգարխներին պատկանող Զ.Լ.Մ.-ների արխիւներից սկսել են հանւել օգոստոսի սկզբին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների հետ Ադրբեջանի սահմաններում ադրբեջանական բանակի դիւերսիոն գործողութիւնների ժամանակ կրած կուրուստների վերաբերեալ լուրերը:

Ռամիզ Մեհտիեւը ադրբեջանական թերթերի, էլեկտրոնային Զ.Լ.Մ.-ների եւ օլիգարխներին պատկանող Զ.Լ.Մ.-ների խմբագիրների հետ անցկացրած հաւաքում նրանց խստօրէն քննադատել էր օգոստոսի սկզբին հայկական զօրքերի հետ շփման գծում ադրբեջանական բանակի կողմից իրագործւած դիւերսիոն գործողութիւններում խայտառակ պարտութեան արդիւնքում կրած կորուստների վերաբերեալ հրապարակումներ անելու համար եւ յայտարարել, որ «այդ բոլորը երկրի թշնամիների կողմից օգտագործւում է տեղեկատւական պատերազմում», ինչը վտանգում է «գլոբալ մարտահրաւէրների պայմաններում Ադրբեջանի տեղեկատւական անվտանգութեանը»:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ներիշխանական աղբիւրը «Ազադլըգ» թերթին յայտնել է, որ Մեհտիեւի այն արտայայտութիւնից յետոյ, թէ իրեն յայտնի է այն ոչ ընդդիմադիր Զ.Լ.Մ.-ների անունները, որոնք հանդէս են եկել նման հրապարակուններով, օլիգարխները դա ընդունել են որպէս իրենց արւած զգուշացում եւ անմիջապէս կարգադրել կայքերի արխիւներից ջնջել օգոստոսեան «փոքրիկ պատերազմի» հետ կապւած լուրերը:

Ադրբեջանում 1990-ականների կէսերից ազատ Զ.Լ.Մ.-ները խեղդելու եւ դրանց վրայ վերահսկողութիւն սահմանելու քաղաքականութիւնն իրագրծւում էր նախագահականի կողմից, բայց 2004 թւականից սկսած նկատւում է օլիգարխների կողմից Զ.Լ.Մ.-ների ստեղծման իրարանցում եւ նրանց վրայ կենտրոնացւած վերահսկողութեան աստիճանական կորուստ, ինչը պարզորոշ դրսեւորւում է վերջին շրջանում նախագահ Ալիեւի ձեռքում քաղաքական-տնտեսական իշխանութեան կենտրոնացման ֆոնի վրայ:

«Այն մասին, որ «գլոբալ մարտահրաւէրների պայմաններում տեղեկատւական անվտանգութեան» թեման Մեհտիեւի համար ընդամենն իր ընդդիմախօսներին ուղերձներ հղելու հարթակ է, վկայում է այն փաստը, որ նրա հետ հանդիպման եկած իշխանամէտ Զ.Լ.Մ.-ների խմբագիրներին չի ներկայացւել գործողութիւնների եւ յանձնարարականների կոնկրետ պլան, քանի որ այն չի պատրաստւել անհրաժեշտութեան բացակայութեան պատճառով»,- գրում է թերթը:

«Թուրան» լրատւական գործակալութեան տնօրէն Մեհման Ալիեւը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում Մեհտիեւի ելոյթի հետ կապւած յայտարարել է, որ իշխանամէտ Զ.Լ.Մ.-ներին պետութիւնը տարեկան 20-30 միլիոն մանաթ ոչ-պաշտօնական խրախուսում է յատկացնում: