Աղբիւր՝ www.alikonline.ir
Ադրբեջանում իրաւապաշտպանների դէմ բռնաճնշումները նաեւ ֆուտբոլի թեմա են դարձել: Լեհաստանի ազդեցիկ կազմակերպութիւններից Մարդու իրաւունքների հելսինկեան հիմնադրամն Ադրբեջանում վերջին շրջանում բռնաճնշումների արագօրէն աճի հետ կապւած Մադրիդի «Ատլետիկօ» ֆուտբոլային ակումբի ղեկավարութեանը կոչ է արել հրաժարւել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխաւորած բռնապետական ռեժիմի հետ համագործակցութիւնից:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Ազադլըղ» թերթը, կազմակերպութեան փոխնախագահ Ադամ Բոդնարը եւ նախագծի համակարգող Դոմինիկա Բիչաւսկա-Սինիարսկան ակումբի ղեկավարութեանը յղած նամակում նշել են ներկայում Ադրբեջանում մարդու իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում տիրող աղէտալի վիճակի մասին եւ կոչ արել վերանայել այդ երկրի կառավարութեան կողմից թիմի նկատմամբ հովանաւորութեան մասին համաձայնագիրը: Նրանք նամակում յիշեցրել են կառավարութեանը քննադատելու համար Ադրբեջանում վերջին ամիսներում մեծ թւով քաղաքացիական հասարակութեան ակտիւիստների եւ իրաւապաշտպանների, քաղաքական գործիչների եւ լրագրողների ձերբակալման մասին:
«Այդ բոլորից յետոյ Եւրոպայի ամենամեծ ֆուտբոլային ակումբներից մէկը հանդիսացող Մադրիդի «Ատլետիկօ»-ի մարզահագուստի վրայ գովազդւում է աշխարհի ամենառեպրեսիւ ռեժիմներից մէկը հանդիսացող երկիրը: Եւրոպայի ժողովրդավարական երկրներից մէկի թիմի կողմից Իլհամ Ալիեւի ղեկավարած բռնապետութեան գովազդը պարադոքս է: Մենք յուսով ենք, որ Մադրիդի «Ատլետիկօ»-ն անտարբերութեան չի մատնի մեր կոչը: Մադրիդի «Ատլետիկօ»-ի մարզահագուստի վրայ գրւած է «Ադրբեջանը կրակների երկիր է»: Սակայն, այդ երկրում այնպիսի մի իրավիճակ է ստեղծւել, որ կարգախօսն այսպիսին պէտք է լինի. «Ադրբեջանը ժողովրդավարական արժէքները եւ մարդու իրաւունքների սկզբունքներն այրող երկիր է»: Մենք խորին ափսոսանքով յայտնում ենք, որ Ադրբեջանի կառավարութիւնն իր ձեռքում ունեցած նաւթային մեծ եկամուտներից օգտւում է ժողովրդավարական արժէքները եւ մարդու իրաւունքների սկզբունքներն այրելու համար: Մադրիդի «Ատլետիկօ»-ին խնդրում ենք քայլ կատարել այդ երկրում փոփոխութիւնների, այդ թւում՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան, ժողովրդավարական արժէքների շարունակական մնալու համար»,- ասւում է նամակում: