Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան, խաղաղ բնակչութեան եւ նոյնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի մեքենայի վրայ կրակելու դէպքերը պէտք է դատապարտւեն միջազգային հանրութեան կողմից: Այս մասին ասւած է Իսպանիայի սենատի բասկ պատգամաւոր Այարտզա Ազուրտզայի եւ Կոնգրեսի անդամ Խոն Ինարիտուի կողմից «Արմէնպրես»-ին տրամադրւած համատեղ յայտարարութեան մէջ:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է, որ Ադրբեջանի վերջին գործողութիւնները միջազգային իրաւունքի խախտումներ են եւ հակասում են հրադադարի ռեժիմի պահպանման Մինսկի խմբի պահանջներին: «Այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին յաջողւել է ստեղծել խաղաղ եւ ժողովրդավարական հասարակութիւն: Նրանք արժանի են անկախութեան եւ ազատութեան: Միջազգային հանրութիւնը պէտք է լինի նրանց կողքին եւ կանգնեցնի Ադրբեջանի պատերազմական նկրտումները: Ադրբեջանի շարունակւող ագրեսիան վտանգի տակ է դնում հրադադարի պայմանագիրը, որը ստորագրւել է 20 տարի առաջ: Մենք պահանջում ենք Եւրոմիութիւնից եւ անդամ երկրների կառավարութիւններից դատապարտել ադրբեջանական կողմի յարձակումները, որոնք վտանգի տակ են դնում այն կենսական աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը եւ Ադրբեջանին ստիպել դադարեցնել բռնութիւնները»,- ասւած է բասկ պատգամաւորների յայտարարութեան մէջ: