Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մօտիկ ապագային հաշիւ է տալու Ադրբեջանի ժողովրդի եւ միջազգային արդար դատարանի առջեւ՝ իր արիւնահեղ արարքների համար»:

«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի համաձայն՝ այս յայտարարութիւնը տեղադրւել է Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութեան կայքի վրայ:

«Այդ յանցագործը, որի ձեռքերը կարմրել են անմեղ մարդկանց արեամբ՝ Խոջալուի, Լեռնային Ղարաբաղի այլ գիւղերի եւ բնակավայրերի մէջ, որոնց կարգին նաեւ նրա մերձակայ եօթը շրջաններում կատարած յանցագործութիւններին իբրեւ հետեւանք, մօտիկ ապագային անպայման հաշիւ է տալու ադրբեջանցի ժողովրդին եւ միջազգային արդար դատարանի առջեւ»,- նշւել է յայտարարութեան մէջ:

«Ինչ վերաբերում է բալիսթիք հրթիռներին, որոնց մասին խօսում էր Սերժ Սարգսեանը, ապա մենք կտրականապէս յայտարարում ենք, որ Հայաստանի զինւած ուժերի տնօրինութեան տակ եղած այդ ռազմական համակարգը բացարձակապէս անհամեմատելի է այն ժամանակակից սպառազինութեան ու սարքերի հետ, որ այսօր ունի Ադրբեջանը: Հայկական բանակի մէջ խորհրդային ժամանակներից մնացած անսարք, ժամկէտանց եւ հինացած զէնքերը, որոնց մէջ հեղուկ վառելիքով աշխատող «Սքադ» տեսակի հրթիռները, ոչ միայն ի զօրու չեն մի սարք ոչնչացնել, այլ նաեւ առհասարակ չեն կարող թռչել»,- նշւել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութեան մէջ:

«Եթէ Հայաստանը ռազմական գործողութիւնների ձեռնարկի Ադրբեջանի դէմ, ադրբեջանական բանակը՝ յագեցած նորագոյն, ժամանակակից եւ գերճշգրիտ սպառազինութեամբ, ոչնչացնելու է որեւէ ռազմական ենթակառուցւածք եւ ռազմավարական սարք Հայաստանի տարածքում»,- նշւել է յայտարարութեան մէջ: