Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թուրքիայի Ընտրական կենտրոնական յանձնախմբի նախագահ Սադի Գիււենը երէկ գիշերւայ ժամը 10:00-ին յայտարարեց, որ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրւել է Թուրքիայի նախագահ: Ըստ ոչ-պաշտօնական տւեալների, Էրդողանն ապահովել է քւէների 51.8 առ հարիւրը, Հանրապետական ժողովրդի եւ Ազգայնական շարժում կուսակցութիւնների միացեալ թեկնածու Էքմալէդդին Իհսանօղլուն` 38.5 առ հարիւրը, իսկ քիւրտ քաղաքագէտ Սելահէթթին Դեմիրթաշը` 9.7 առ հարիւրը: Իհսանօղլուն իր պարտութիւնն ընդունեց: Մասնակցութեան համեմատութիւնը 74.4 առ հարիւր էր, ինչը որ փորձագէտների նախատեսածից ցած էր:

Էրդողանը յաղթանակի մի կարճ ճառ արտասանելով ասաց. «Շարունակելու ենք մեր ազգին ծառայել աւելի լաւ մի ժողովրդավարութեան հասնելու եւ (քրդական հարցի) լուծման հոլովոյթն իր աւարտին հասցնելու համար»: Նա իր յաղթանակն ապահովելուց յետոյ նամազ կատարեց Էյուպ սուլթան մզկիթում, որի գահ բարձրանալուց յետոյ իրենց առաջին այցելութիւնն էին տալիս Օսմանեան կայսրութեան սուլթանները:

Թուրքիայում շուրջ 53 միլիոն քւէարկողներ երէկ ուղղւեցին դէպի քւէատուփեր, ընտրելու համար երկրի նախագահին, որ Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամը լինելով ընտրւում է ժողովրդի կողմից:

Քւէարկութեան կենտրոններ ուղղւող քաղաքացիներին փոխադրող հազարաւոր ինքնաշարժների եւ փոխադրակառքերի պատճառով Պոլսի եւ Անկարայի ճամբաները կաթւածահար եղան: Պոլսի մուտքի մօտ եւ Անթալիա-Անկարա մայրուղու վրայ գտնւող Աֆիոն քաղաքի մօտ մինչեւ 10 քիլօմետր երկարող խճողումներ էին յառաջացել:

Թրքական օրէնքի համաձայն, Թուրքիայի քաղաքացիները կարող են քւէարկել միայն մնայուն բնակութեան վայրերում, սակայն այժմ երկրում շարունակւում է արձակուրդի եղանակը եւ բազմաթիւ բնակիչներ գնացել են ծով: Նրանց մէկ մասը չի դադարեցրել արձակուրդը, սակայն հազարաւոր քաղաքացիներ որոշել են մէկ օրով լքել լողափները:

Ճամբաների վրայ ստեղծւած իրավիճակի պատճառով բազմաթիւ քաղաքացիներ չէին կարողացել հասնել քւէարկութեան: