Աղբիւր՝ www.aysor.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Twitter»-եան իր էջում մէկ ժամում 60-ից աւելի գրառում է կատարել պատերազմ սկսելու եւ հողերը «վերադարձնելու» մասին: Նրա գրառումներին արձագանքել են ոչ միայն բազմաթիւ օգտատէրեր, այլեւ միջազգային հեղինակաւոր պարբերականները:

Այսպէս, օրինակ՝ բրիտանական «The Guardian» թերթը մէջբերել է Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի յայտարարութիւնը, որ իրավիճակի եւ մարդկային կորուստների ամբողջ պատասխանատւութիւնը պաշտօնական Բաքւի վրայ է, որը հրահրում է լարւածութիւն առաջնագծում:

«The Independent» թերթը Ալիեւի գրառումները կոչում է խիստ ռազմատենչ, որոնցով նա հասկացնել է տւել, որ իրենց երկիրը պատերազմի մէջ է Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի համար, եւ սպառնացել է վերսկսել ռազմական գործողութիւնները՝ այդ հողերը գրաւելու համար:

Աւստրալական News.com.au-ն փաստում է, որ առաջին անգամ է որեւէ երկրի նախագահ պատերազմ յայտարարում «Twitter»-ի միջոցով, մինչդեռ միւս մարդիկ այն օգտագործում են իրենց առօրեայի կամ նախաճաշի մասին պատմելու համար:

BBC-ին գրել է, որ Ալիեւը նախագահ է, որը «Twitter»-ում է պատերազմ վարում: Վերջում հեղինակաւոր պարբերականը մէջբերում է օգտատէրերից մէկի գրառումը. «Go home Ilham, you're drunk» (թարգ. Գնա՛ տուն, Իլհամ, դու հարբած ես):