Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Ճումհուռիէթ» օրաթերթը հաղորդում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդի կուսակցութիւնը յայտարարել է, որ պատրաստւում է Թուրքիայի վարչապետ, նախագահական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի դէմ նրա կատարած վերջին հակահայ յայտարարութեան համար դատական հայց ներկայացնելու:
Կուսակցութեան երեսփոխան Հուռշիթ Կիւնէշը նշել է, որ գործող վարչապետի յայտարարութիւնը հակասահմանադրական է: «Դա թշնամական կեցւածք է: Դա հակասում է Թուրքիայի քրէական օրէնսգրքին եւ սահմանադրութեանը: Վարչապետը ատելութիւն է սերմանում»:
Յիշեցնենք, որ չորեքշաբթի օրը մի հարցազրոյցի ընթացքում Էրդողանն անդրադարձել էր իրեն վիրաւորողներին եւ դժգոհել, որ իրեն հայ են անւանել:
Վարչապետի յայտարարութեանն անդրադարձել է նաեւ Ազգայնական շարժում կուսակցութիւնը, որի փոխնախագահ Թուղրուլ Թիւրքեշը գրաւոր հարցապնդում է ներկայացրել նախագահութեան թեկնածու Էրդողանին` հարցնելով. «Հայ լինելն արդեօք յանցա՞նք է»:
«Էրդողանի համար 21-րդ դարից նորութիւններ ունենք: Հայ լինելը յանցանք, ամօթ, տգեղութիւն կամ մեղք չէ: Ազգային կամ մշակութային խմբերի պատկանելիութիւնը դատապարտել կամ թերագնահատելը յանցանք եւ մեղք է` Աստծու առջեւ»,- ասել է նա: