Աղբիւր՝ www.hyeli.com
«Ակօս»-ի աշխատակից Թովմաս Թերզիեանը, ստորեւ ներկայացւած անդրադարձով լուսարձակի տակ է առել Թուրքիայում առաջին բժշկուհու՝ դկտ. Զառուհի Գաւալճեանի կենսագրութիւնը.
«ՄԻ շարք աղբիւրներ իբրեւ Թուրքիայի առաջին բժշկուհի յիշում են դկտ. Սաֆիյէ Ալի Քրեքելերի (1894-1952) անունը, որ բժշկագիտութիւն է ուսանել 1921-ին Գերմանիայի Ուիզբուրգ քաղաքում: Դկտ. Սաֆիյէն կարելի է առաջին թուրք բժշկուհին համարել, բայց ոչ Թուրքիայի առաջին բժշկուհին: Այդ տիտղոսին արժանանում է իրենից շատ աւելի կանուխ՝ 1903 թւականին, դկտ. Զառուհի Սերովբէ Գաւալճեանը: Այս վերջինը ծնւել է 1877-ին Բիւթանիայում (Ատափազար): Հայրը՝ դկտ. Սերովբէ Գաւալճեանը, 1875-ին աւարտել է Բոսթոնի բժշկական հիմնարկը: Այդ թւականից մինչեւ 1915 ծառայել է Ատափազարի եւ Պարտիզակի մէջ:
Գալով Զառուհի Գաւալճեանին, 1898-ին աւարտել է Բիւթանիայի Ամերիկեան աղջկանց քոլեջը եւ բժշկութիւն ուսանելու համար ղրկւել Իլինոյի համալսարանը, որտեղից 1903 տարւայ շրջանաւարտների ցանկի մէջ իր անունը նշւել է «Գաւալճեան Զառուհի, բժշկուհի, Ատափազարը, Թուրքիա» ձեւով: Զառուհի Գաւալճեանը բժշկագիտական դպրոցն աւարտելուց մէկ տարի յետոյ վերադառնում է երկիր, բայց հարկադրւում է որպէս օգնական հօր մօտ աշխատել, որովհետեւ Աբդիւլհամիդ Բ-ի օրով արգելւած էր կանանց բժշկութիւն անել: Նա միաժամանակ վարել է Ամերիկեան քոլեջի կենսաբանութեան ուսուցչի պաշտօն:
Ա Աշխարհամարտի օրերին Գաւալճեանն աշխուժօրէն մասնակցել է մարդասիրական կազմակերպութիւնների օգնութեան ու խնամքի ծառայութիւններին: Բիւթանիայի Ամերիկեան քոլեջը 1921-ին Սկիւտար փոխադրւելով, նա էլ տեղափոխւել է Իստանբուլ եւ տարրաբանութեան, կենսագիտութեան նման նիւթեր դասաւանդելու կողքին «դկտ. Գաւալ» անունով բժշկութիւն է արել Սկիւտարում:
Դկտ. Զառուհի Գաւալճեանը 30 յունիս 1969-ին մահացաւ Սկիւտարում, մարմինը հողին յանձնւեց Ֆերիգիւղի Հայ բողոքականաց գերեզմանատանը: Դկտ. Զառուհի Գաւալճեանի ինչպէս կենսագրութիւնը, շիրիմի յայտնութիւնն էլ պարտական եմ մի սիրելի բարեկամի՝ Շերեֆ Էթքերին: Մահւան տարելիցի առթիւ շիրիմն այցելելու գաղափարն էլ ինքն էր յղացել, եւ ինչպէս ամէն տարի, այս տարի եւս մենք՝ երկուսով, 30 յունիս երկուշաբթի օր, այցելեցինք շիրիմը եւ աղօթքներ մրմնջացինք իր հոգու խաղաղութեան համար:
Մեր կարծիքով դկտ. Զառուհին արժանի էր մամուլի գործիչների, գիտնակաների, հոգեւորականների եւ համայնքային ներկայացուցիչների մասնակցութեամբ յիշատակւելու: Թէեւ անցեալ տարի «Ս. Փրկիչ» ամսաթերթի մէջ էլ հրատարակւել էր այս մասին, բայց ապարդիւն մնացին դկտ. Գաւալճեանի հաւանական ազգականները գտնելու մեր ջանքերը, ինչպէս նաեւ անխնամ վիճակի մէջ գտնւող շիրմաքարը նորոգելու մասին էլ չենք կարողացել խօսակից գտնել: Այս տողերն էլ գրում ենք մի գուցէ որոշ հետաքրքրութիւն առթելու եւ գոնէ յառաջիկայ տարի աւելի արժանավայել կերպով յիշատակելու նպատակով այս եզակի անձնաւորութիւնը»: