Շաբաթ՝ 7 մայիսի 2022 թւականին, Ս. Ամենափրկիչ Վանք այցելեցին Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրէն եւ Սպահանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին եւ Սպահանի քաղաքապետարանի 1-ին շրջանի տնօրէն Մէյսամ Բաքթաշեանը: Նրանք այցելեցին Ս. Ա. Վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարան, «Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի եւ «Ներսէս Շնորհալի» գրադարան, ապա հանդիպեցին Թեմական խորհրդի հետ:
Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, խորհրդի անդամ Նապիկ Մելիքեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանը։
Հոջաթօլլահ Այուբին կարեւորելով երկրի մշակութային ժառանգութեան պահպանման անհրաժեշտութիւնը, նաեւ Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի ջանքերին՝ այս ուղղութեամբ առաւելագոյնի հասցնելու սոյն կազմակերպութեան հովանաւորութիւնը, տեղեկութիւններ փոխանցեց Ս. Ամենափրկիչ Վանքը ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում ներառելու գործընթացի վերաբերեալ:
Վրէժ Տէր Մարտիրոսեանն անդրադարձաւ Սպահանի հայկական թաղամասի պատմական յուշարձանների վերականգնման եւ պահպանման գործում հայ համայնքի անդամների եւ յատկապէս Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան ներդրումներին, որը կարեւոր դեր է խաղացել Սպահանի զբօսաշրջութեան ոլորտի զարգացման գործում։
Այնուհետեւ երկու կողմերը քննարկեցին ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում Ս. Ամենափրկիչ Վանքի ընդգրկման գործի ընթացքը եւ յոյս յայտնեցին, որ այն հնարաւորինս շուտ իրականութիւն կը դառնայ: