Բժշկական խորհրդի տնօրէնը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելեցին Ս. Ամենափրիչ վանք:
ՍՀԹ Ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ – Սպահանի Բժշկական խորհրդի Տնօրէն Դոկտ. Քամռան Մոնթազերին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, հինգշաբթի՝ 13 յունւար 2022-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ հանդիպում ունեցան թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճէանի հետ։
Հանդիպմանը ներկայ էին Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Թեմի Պատգամաւորական ժողովի ներկայացուիչները եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Բարեսիրական մարմնի անդամները, ինչպէս նաեւ հայազգի բժիշկները եւ բուժքոյրերը եւ բուժաշխատողները:
Հիւրերին բարի գալստեան խօսքերով ողջունեց Սրբազան հայրը, այնուհետեւ իր գնահատանքի եւ երախտիքի խօսքն ուղղեց բուժաշխատակազմին, ի մասնաւորի հայ բժիշկներին եւ բուժքոյրերին՝ Կորոնավիրուսի համավարակի ծանր շրջանում նրանց բարեխիղճ աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան Սպահանի Բժշկական խորհրդի Տնօրէն Դոկտ. Քամռան Մոնթազերին եւ սոյն խորհրդի այլ անդամները: Նրանք շնորհաւորելով բոլորի Նոր տարին եւ Ս. Ծնունդը, իրենց երախտագիտութիւնը յայտնեցին հայ բժիշկներին, բուժքոյրերին եւ այս ասպարէզի այլ աշխատակիցներին, որոնք իրենց կոչումին բնորոշ ինքնազոհողութեամբ, սրտացաւութեամբ եւ պատասխանատւութեան բարձր զգացումով, թագավարակի պանդեմիայի պայմաններում, կարեւոր ներդրում ունեցան հիւանդների առողջութեան պահպանման գործում:
Արտայայտւեցին նաեւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, որոնք ողջունելով հիւրերին, բարձր գնահատեցին հայ բուժաշխատակազմի աշխատանքը Կովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում եւ նրանց մաղթեցին ուժ ու տոկունութիւն՝ իրենց պատասխանատու առաքելութիւնն իրականացնելու ընթացքում։
Հանդիպման աւարտին Բժշկական խորհրդի եւ Ազգային Առաջնորդարանի կողմից, առ ի երախտագիտութիւն, նւէրներ յանձնւեցին բուժաշխատողներին, նաեւ կողմերը փոխանակեցին յուշանւէրներ: