Սիրելի հայորդիներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ երկար տարիների իրաւական քաշքշուկներից յետոյ, այսօր՝ յունւարի 13-ին, աւարտւեց «Ղարագել» փողոցում գտնւող ազգապատկան տարածքի (ֆուտբոլի դաշտ) շուրջ դատական գործընթացը եւ արդիւնքում՝ նշւած կալւածը վերադարձւեց իր օրինական սեփականատիրոջը՝ Սպահանի հայոց թեմին:

Սոյն տարածքը, որը տարիներ առաջ Թեմական խորհրդի կողմից տրամադրւել էր Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեանն ու «Սեւան» ֆուտբոլի խմբին՝ պատկան ֆուտբոլի խմբերի մարզումները հերթականօրէն իրականացնելու համար, առգրաււել եւ ապօրինաբար շահագործւում էր մի անձնաւորութեան կողմից, ինչի պատճառով, ոչ միայն Թեմական խոհուրդը զրկւել էր իր կալւածի վրայ հսկողութեան իրաւունքից, այլեւ դադարել էին  նշւած  մարզական խմբերի վարժութիւններն այս տարածքում:  

Կատարւածից յետոյ, ժամանակի Թեմական խորհուրդը (իրանական 1394 թւականին) հայց ներկայացրեց դատական ատեանին, իսկ ատեանը քննելով դատական թղթածրարը, հրապարակեց իր դատավճիռը, որի համաձայն կատարւածը որակւեց որպէս անօրինական գործողութիւն եւ ֆուտբոլի դաշտը վերադարձւեց Թեմական խորհրդին: Սակայն, որոշ ժամանակ անց, իւրացնող անձը կտրելով մուտքի դռան փականը՝ դարձեալ գրաւեց կալւածը եւ դատական հայց ներկայացրեց ընդդէմ Թեմական խորհրդի ու մի շարք ազգայինների:

Ի վերջոյ, Թեմական խորհուրդը 2021 թւականի մայիս ամսին (իրանական ընթացիկ տարւայ օրդիբեհեշտին), երկրորդ անգամ դատական հայց ներկայացնելով նոյն անձի դէմ, պահանջեց կանխել կալւածի ապօրինի օգտագործումը եւ այն յետ ստանալ իւրացնողից. արդիւնքում դատարանը յետ քննութեան բաւարարելով հայցը, հրապարակեց համապատասխան վճիռ, որի համաձայն դատապարտւեց պատասխանող կողմը: Ապա վճիռը նոյնութեամբ վերահաստատւելով վերաքննիչ դատարանի կողմից՝ շուրջ 6 տարի դատական քաշքշուկից յետոյ, այսօր՝ 2022 թւականի յունւարի 13-ին (իրանական 1400 թւականի դէյ ամսի 23-ին), ֆուտբոլի դաշտը պաշտօնապէս վերադարձւեց իր օրինական սեփականատիրոջը՝ Սպահանի հայոց թեմին:

Տեղեկացնում ենք նաեւ, որ Թեմական խորհուրդը շուտով ճշտելու է ֆուտբոլի դաշտի օգտագործման պայմանները՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի բոլոր միութիւններին եւ խմբերին տրամադրելու նպատակով:

 

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

13 յունւարի 2022 թ.