ՍՀԹ Ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, այսօր՝ յունւարի 11-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալւեցին Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, նահանգի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գլխաւոր տնօրէն Ռամեզան Ալի Մոթամեդին, Սպահանի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Սկզբում Թեմիս առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանը բարիգալստեան խօսք ուղղելով հիւրերին, մատնաշնեց քրիստոնեայ եւ մուսուլման հայրենակիցների լաւ եւ բարեկամական յարաբերութիւնները՝ այն համարելով կրօնների խաղաղ գոյակցութեան եզակի օրինակ ողջ աշխարհի համար:
Նա անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցին, իր ցաւակցութիւններն յայտնեց այդ առթիւ եւ ընդգծեց նրա մարդկային յատկանիշներն ու Իրանին մատուցած ծառայութիւնները:
Շարունակութեան մէջ ելոյթ ունեցաւ Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւին, ով շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, բոլորին մաղթեց խաղաղութիւն եւ բարօրութիւն:
Նա եւս խօսեց Իրանում Միաստւածեան կրօնների հետեւորդների եղբայրական ու ջերմ յարաբերութիւնների մասին եւ յոյս յայտնեց, որ շարունակելի են լինելու այդ յարաբերութիւնները:
Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանն ողջունելով հիւրերի այցը, խօսեց Սպահանի կառավարական գերատեսչութիւնների եւ Ազգային Առաջնորդարանի սերտ համագործակցութեան մասին, յատկապէս շեշտելով Ամանորեայ միջոցառումների անցկացման ուղղութեամբ քաղաքի պատասխանատու մարմինների աջակցութիւնը, ինչը մեծ արձագանք ստացաւ տարբեր լրատւամիջոցների կողմից:
Նշենք, որ Թեմի հայ նահատակների ընտանիքների անունից հանդիպմանը ներկայ էր նահատակ Ռայմոնդ Խաթուննեժադի եղբայրը, ով Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւիի ձեռամբ նւէր ստացաւ:
Միջոցառմանը ներկայ էին՝ Թեմի Պատգ. ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր Մարտիրոսեանն ու Զաւէն Սիմոնեանը եւ երեք մարմինների փոխ-ատենապետները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը:
Հանդիպման աւարտին փոխանակւեցին յուշանւէրներ: