Ուրբաթ՝ 2021 թւականի յունիսի 11-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Սպահանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի Նոր Ջուղայի Ընտրական յանձնախումբը հանդիպում ունեցաւ այս ընտրութիւններում իրենց թեկնածութիւնը առաջադրած 16 անձանց հետ՝ ընտրութիւնների թւականի եւ քարոզարշաւի հետ կապւած ծրագիր-ժամանակացոյցի ու մի շարք կանոնների մասին հարկ եղածը բացատրելու համար։

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամներ՝ Սոնիկ Բաղումեանն ու Վահիկ Թորոսեանը։

Սկզբում Թեմական խորհրդի անունից հանդէս եկաւ տկն. Բաղումեանը։ Նա շնորհակալութիւն յայտնելով թեկնածուներին, առ այն, որ այս դժւարին պայմաններում պատրաստակամութիւն են յայտնել թեմի աշխատանքների մի բաժինն ստանձնելու, ինչպէս նաեւ Ընտրական յանձնախմբին՝ ընտրութիւնները կազմակերպելու ծանր գործն իրականացնելու համար, տեղեկացրեց, որ Վահիկ Թորոսեանը նշանակւել է որպէս Թեմական խորհրդի կողմից Ընտրական յանձնախմբի հետ կապ։

Սոնիկ Բաղումեանը տեղեկացրեց նաեւ, որ Թեմական խորհրդի կողմից երկու անգամ՝ առաջինը 2021 թւականի մարտին, իսկ երկրորդը՝ 2021 թւականի ապրիլին, դիմումներ են ներկայացւել պետական պատկան մարմիններին՝ Պատգ. ժողովի ընտրութիւնների կազմակերպման արտօնութիւնն ստանալու համար, որոնք մերժւել են համաճարակի պատճառով, իսկ դրանց փոխարէն խորհրդին թոյլ է տրւել ընտրութիւններն իրականացնել ուրբաթ՝ յունիսի 25-ին (Իրանական 1400թ. թիր 4-ին)։

Այնուհետեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներն ու Ընտրական յանձնախմբի նախագահ Ղուկաս Ծատուրեանը պատասխանեցին այս շրջագծում ներկաներին յուզող հարցումներին։

Թեկնածուների հետ համախորհուրդ որոշւեց նախընտրական շաբաթւայ ընթացքում կազմակերպել երկու ժողովրդական հանդիպում, որոնցից իւրաքանչիւրի ընթացքում ելոյթով հանդէս կը գան թեկնածուներից 8-ը։ Ելոյթների հերթականութիւնը ճշտւեց վիճակահանութեամբ։

Աւարտին այս նիստի ընթացքի շուրջ կազմւեց արձանագրութիւն, որն ստորագրւեց ներկաների միջոցով։

Հարկ է նաեւ նշել, որ թեկնածուներին փոխանցւեց՝ ընտրատեղամասերում վստահւած անձ ունենալու ցանկութեան պարագային, մինչեւ չորեքշաբթի՝ յունիսի 16-ի աշխատանքային ժամի աւարտը ներկայացնեն պատկան անհատի տւեալները։

 

Թղթակից (Նոր Ջուղա)