Սրանից շուրջ 3 տարի առաջ, Նոր Ջուղայի Երաժշտական թանգարանի ու նոյն թանգարանի նւագարանաշինութեան աշխատանոցի համագործակցութեամբ եւ նշւած աշխատանոցի պատասխանատու Ռասա Ռամեզանիի գլխաւորութեամբ, մեկնարկը տրւեց քնար երաժշտական գործիքի պատրաստութեան՝ նկատի ունենալով այս գործիքից հնչող մեղեդիների իւրայատկութիւնը եւ այն հանգամանքը, որ մինչեւ օրս Սպահանում քնարի պատրաստութիւն տեղի չի ունեցել:
Յետագային աշխատանքն առաջանալու պէս, թեմի Պատգամաւորական ժողովի կողմից այն հաստատւեց որպէս նախագիծ եւ ներառւեց արտակարգ նախահաշւում, իսկ Թեմական խորհուրդը ֆինանսաւորեց աշխատանքը եւ արդիւնքում պատրաստւեց Սպահանում առաջին քնար երաժշտական գործիքը:
Քնարի պատրաստման համար օգտագործւել են աքաժոյ եւ ընկոյզի փայտեր, որն ի դէպ աքաժոյի օգտագործումը տեղի է ունենում իւրայատուկ աշխատանքներում, իսկ լարերը գնւել են Ֆրանսիայից: Այս աշխատանքի իրագործման համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն ընտրւել են շուկայում առկայ լաւագոյն տեսականիներից:
Նշւած քնարը մասնակցելու է Շահինշահրում կայանալիք առաջին Երաժշտական ազգային փառատօնին՝ «Նւագարանաշինութեան» բաժնում, իսկ մինչ այդ, չորեքշաբթի՝ նոյեմբերի13-ին, Երաժշտական թանգարանում տեղի ունեցաւ քնարի շնորհանդէսը, ուր ներկայ էին՝ Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ Ռայեա Խուդավերդեանը, Նարբէ Ջարդն Դաւուդն ու Սարմէն Մինասեանը, Երաժշտական թանգարանի տնօրէն Արլետ Հայրապետեանը, թեմի Առաջնորդարանի դիւանապետ ու Հանրային կապի պատասխանատու Արիս Դաւթեանն ու Վերգինէ Միրզախանեանը, քնարի պատրաստող նւագարանագործ Ռասա Ռամեզանին ու իր օգնականը եւ թանգարանի պաշտօնէութիւնը:
Ծրագրում բացման խօսքով հանդէս եկաւ Արլետ Հայրապետեանը, ապա նւագարանի բացումը կատարւեց Նոէլ Մինասեանի եւ Ռայեա Խուդավերդեանի միջոցով, որից յետոյ գործիքի պատրաստութեան գործընթացի շուրջ արտայայտւեց պրն. Ռամեզանին, իսկ Պատգամաւորական ժողովի անունից գնահատանքի խօսք ասաց պրն. Մինասեանը: Վերջում Ռասա Ռամեզանին մի երաժշտական համար նւագեց այս նորակերտ նւագարանով:
Թղթակից (Նոր Ջուղա)