Թեմիս Թեմական խորհրդի դիմումի համաձայն, հինգշաբթի՝ դեկտեմբերի 7-ի առաւօտեան, Սպահանի քաղաքային ծառայութեան չորս բաժինների պատասխանատուներ, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ Արման Սիմոնեանի, շրջայց կատարեցին հայկական թաղամաս։

Խմբի անդամները քայլելով «Քոչեր» եւ  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան փողոցներով, մօտիկից ծանօթացան քաղաքաշինութեան նոր նախագծերի հետեւանքով առաջացած խցանումներին, այնուհետեւ այցելեցին Թոհիդ պողոտայի նախկին «Պօղոսխանեան» հիւանդանոց, «Ղարագել»-ի հայկական մարզադաշտին կից փողոց եւ Ն. Ջ. Հայոց ազգային գերեզմանատուն, ուր իրազեկւեցին տեղի խնդիրների ու դժւարութիւնների մասին եւ խոստացան առկայ հարցերը լուծելու համար միջոցներ գտնել։

Յատկանշական է, ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս, Նոր Տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ, Սպահանի քաղաքապետարանի Պուրակների եւ կանաչ տարածքների կազմակերպութիւնը անվճար տնկիներ եւ ծաղիկներ է նւիրել Ազգային առաջնորդարանին, որոնցով առաւել չափով գեղեցկացել եւ ամանորեայ շունչ է ստացել Ս. Ամենափրկիչ վանքը։

 

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի