Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկի նորանշանակ տնօրէն Ալիռեզա Աքբարփուռը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, հինգշաբթի՝ ապրիլի 27-ին, այցելելով Սպահանի Ազգային առաջնորդարան, քաղաքավարական հանդիպում ունեցաւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ազգայինների հետ։
Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ողջունելով հիւրերին, իր եւ թեմի ազգային մարմինների անունից շնորհաւորեց Ալիռեզա Աքբարփուռին այդ պաշտօնում նշանակւելու առթիւ։ Նա գնահատանքի խօսք ասելով այս հիմնարկի՝ ազգային մարմինների հետ ցուցաբերած համագործակցութեան եւ հայոց դպրոցներին աջակցելու համար, յոյս յայտնեց, որ երկկողմ համագործակցութեան ընդլայնումը նպաստելու է Հայոց դպրոցների կրթութեան եւ գիտութեան մակարդակի մշտական զարգացմանը եւ արդիւնաւէտութեան բարձրացմանը։
Ալիռեզա Աքբառփուռը իր գոհունակութիւնը յայտնելով կազմակերպւած այցելութեան համար, խօսեց յետ Կորոնա ժամանակահատւածում մարդկային ռեսուրսների որակի, ուսուցիչների եւ աշակերտների գիտելիքների բարձրացման կարեւորութեան մասին:
Նա նշելով, որ Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի եւ նահանգի մակարդակում հայ աշակերտները յայտնի են իրենց խելացիութեամբ, տաղանդով եւ բարեվարքութեան յատկանիշներով, խոստացաւ օգնել հայկական դպրոցներին առաւել քան երբեւէ ապահովելու փորձառու եւ կարող մարդկային ռեսուրսներ, հաշւի առնելով տեղական պայմանները:
Այս հանդիպմանը եղան այլ արտայայտութիւններ, որոնց առանցքը հիմնականում կազմում էր հայկական դպրոցներում կադրային լաւագոյն մասնագէտների ապահովումն ու առկայ թերութիւնների վերացումը։
Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ եւ Ա. քարտուղար Գեղարդ Մանսուրեանն ու Արմինէ Սիմոնեանը, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ նոյն խորհրդի անդամ Նորայր Թումանեանը եւ Կրթական խորհրդի գործավար Վահիկ Թորոսեանը։
Հանրային կապ՝
Սպահանի հայոց թեմի
Ազգային առաջնորդարանի