2022 թւականի դեկտեմբերի 7-ից 9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովը։
Թեմիս Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած պատւիրակները Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, դեկտեմբերի 6-ին մեկնեցին Լիբանան։
Պատւիրակութեան անդամներն էին՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Արբի Բաբայեանը։
Ժողովի օրակարգում ընդգրկւած էին Սփիւռքի վերակազմաւորմանն առնչւող հրատապ թեմաներ։ Այդ գծով արծարծւեցին հետեւեալ նիւթերը՝ ընտանիք, հայակերտում, երիտասարդութիւն, Սփիւռքի մասնակցութիւնը Հայաստանի եւ Արցախի հզօրացման գործում, Սփիւռքի վերակազմակերպում։
Յատկանշական է, որ «Սփիւռքը՝ մասնակից Հայաստանի ու Արցախի հզօրացման» նիւթի վերաբերեալ զեկուցաբեր էր նշանակւել Նոէլ Մինասեանը։ Վերջինս ժողովի կողմից ընտրւեց նաեւ Ազգային Ընդհանուր Ժողովի Ընտրական յանձնախմբի անդամ։
Լիբանան եղած միջոցին, Թեմիս պատւիրակութիւնը առանձին հանդիպում է ունեցել Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ, որի ընթացքում քննարկւել են թեմին առնչւող հարցեր։
Հանրային կապ՝ Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի