ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ
Նոր Ջուղայում առաջին մանկապարտէզը հիմնւել է 1901 թւականին, երբ Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի դպրոցների ընդհանուր վերատեսուչ է նշանակւել Բագրատ Վրդ. Վարդազարեանը, իսկ Տկն. Վառվառէ Քանանեանը եւս մի խոշոր գումար է յատկացրել Նոր Ջուղայում մի մանկապարտէզ եւ դպրոց բացելու համար:
Մանկապարտէզը նախ եղել է դպրոցներին կից. երբ աւարտւել է Քանանեան դպրոցի շէնքի կառուցումը, մանկապարտէզը փոխադրւել է այդտեղ, եւ առաջին յարկի չորս մեծ սենեակները առանձին թեւում յատկացւել են մանկապարտէզին:
Տկն. Վառվառէ Քանանեանը, ինչպէս իր հիմնած դպրոցի, նոյնպէս էլ մանկապարտէզի հանդէպ ցոյց է տւել սէր ու հետաքրքրութիւն եւ Մոսկւայից ու Թիֆլիսից երեխաների համար ուղարկել է մեծ թւով խաղալիքներ, այբուբենը սովորելու զանազան ձեւի փայտերի վրայ ամրացւած տառեր, նկարներ, խաղալիքներ եւ ուսուցման համար այլ միջոցներ:
Մանկապարտէզն ունեցել է երեք բաժանմունք 4-6 տարեկան երեխաների համար:
1905-06 ուսումնական տարեշրջանում մանկապարտէզն ունեցել է 135 սան-ուհիներ, որոնցից 75-ը տղայ եւ 60-ը աղջիկ:
Յետագայում, երբ Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցները դարձել են երկսեռ եւ բացւել է նաեւ միջնակարգի բաժինը, մանկապարտէզը փոխադրւել է կենտրոնական դպրոցին կից շէնքը, մինչեւ որ 1972 թւականին կառուցւել է առանձին շէնք նոյն Չարսու թաղում, ուր եւ տեղաւորւել է մանկապարտէզը, բայց այդտեղ եւս մնացել է միայն հինգ տարի: Երբ շէնքը յանձնւել է «Արարատ» մարզա-մշակութային միութեան, մանկապարտէզի համար յարմարեցւել է այլ շէնք, որտեղ մնացել է շուրջ 30 տարի:
1971 թւականից մանկապարտէզը կոչւել է «Քուրոշէ Քաբիր» անունով, այնուհետեւ անւանւել է «Նարեկ» անունով, իսկ այժմ կոչւում է «Արմէն»:
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
Նախակրթարանը միշտ կից է եղել Նոր Ջուղայի ազգային դպրոցներին: Այս մասին առաջին անգամ մենք տեսնում ենք ազգային դպրոցների 1899 թւականին տպագրւած տեղեկագրի մէջ, որտեղ տրւած է նաեւ «Պատրաստական»-ի եւ «Նախակրթարան»-ի երկու դասարանների ծրագիրը:
Բնականաբար այն օրերի նախակրթարանի եւ այսօրւայ նախակրթարանի ծրագրի եւ դասաւանդութեան մէջ հսկայական տարբերութիւն կարող է լինել, այդուհանդերձ անցեալում եւ ներկայում նոյն «Նախակրթարան» անունն են կրում, որտեղ մանկապարտէզից գալիս եւ այդտեղից էլ տարրական դպրոցն են մտնում:
Նախակրթարանները թէ դպրոցների միասեռ եւ թէ երկսեռ եղած ժամանակ երբեք անջատ չեն եղել, այլ միշտ կից մանկապարտէզին կամ տարրական դպրոցներին: 1979-1980 ուսումնական տարեշրջանից նախակրթարանի բաժինը մանկապարտէզից առանձնանալով դարձաւ առանձին միաւոր «Արմէն նախակրթարան» անունով:
Նախակրթարանն այժմ մանկապարտէզի հետ միատեղ գտնւում է կենտրոնական դպրոցի արեւելեան կողմում, 1960 թւականին կառուցւած շէնքի մէջ իր առանձին մուտքով:
2008 թւականին մանկապարտէզը համատեղւելով նախակրթարանի հետ փոխադրւել է կենտրոնական դպրոցին կից նախակրթարանի շէնքը, ուր աշխատում է մինչ այժմ: