Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ես ոչ թէ ներողութիւն, այլ հարցիս պատասխան եմ ուզում:

«Ակօս»-ը հրապարակել է Նենսի Գրիգորեանի նամակը, որում նա ընդամենը մէկ հարց է ուղղել Թուրքիային՝ ակնկալելով դրա պատասխանը:

Ուոթրթաուն, Մասաչուսեթի հայ համայնքում մեծացած Նենսի Գրիգորեանը Դարդմաութ կոլեջում համեմատական գրականութիւն ուսանելուց յետոյ ուսումը շարունակել է Փարիզի եւ Կոլումբիայի համալսարաններում: 1998 թւականին հրապարակել է առաջին վէպը՝ «Զաբել», որը պատմում է Հայոց ցեղասպանութեան ականատես մի կնոջ ապրումները: Գրիգորեանը դասաւանդել է նաեւ «Yale», «Rutgers», «Barnard» եւ « Queens» դպրոցներում: Այժմ բնակւում է Նիւ-Եորքում:

Ծուռ նստենք, ուղիղ խօսենք

 

Հայկական (նաեւ թուրքական) առած

Յիսուսն ասել է` ներիր թշնամուդ, բայց ես մեր նկատմամբ կատարւածը երբէք չեմ ներելու:

Մարիամ Գոճապապեան-Գրիգորեան

 

Մի պաղեստինցի բարեկամ պատմել էր` տարիներ առաջ Պաղեստինի ազգային վարչակազմի աշխատակիցներից մեկը խորհուրդ է տալիս իր իսրայէլցի պաշտօնակցին` 1948-ի դէպքերի համար ներողութիւն խնդրելով` կարելի է բարեացակամութեան տրամադրութիւն ստեղծել:

Իսրայէլցի դիւանագէտի այն հարցին՝ ուզում էք ներողութի՞ւն խնդրենք, պաղեստինցին պատասխանում է. «Դուք պահանջում էք, որ մենք խոստովանենք, որ ի ծնէ մեղավոր ենք: Նման բան անհնար է»:

Ո՞ր ազգային պետութիւնը հիմնւած չէ յանցագործութիւնների վրայ կամ չի օգտւել յանցագործութիւնից: Իսրայէլը հիմնւեց բազմահազար պաղեստինցիների վայրագօրէն տարագրելու գնով, Ա.Մ.Ն.-ը՝ հողերի զաւթմամբ, ցեղասպանութեամբ եւ գերիների անխնայ կեղեքմամբ, իսկ արդի Թուրքիայի հանրապետութիւնը՝ հայերի, ասորիների, յոյների ոչնչացմամբ, տարագրութեամբ եւ քրդերի վրայ ճնշմամբ:

Այս ամէնն իրագործելու համար, հաւանաբար, անհրաժեշտ է այդ զոհերին միւսներից ցածր դասելու նեղ մտահորիզոն ունենալ: Իսկ դեպքերից յետոյ այնպիսի պատմութիւններ են հիւսում, որ, ասես, նախատւած, յափշտակւած, նոյնիսկ սպանւածներն այդ վերաբերմունքին են արժանի եղել, մինչեւ իսկ յանցագործները հենց իրենք են:

Մեծ մայրս՝ Մարիամ Գոճապապեան-Գրիգորեանը, Կիլիկիայի Մերսին քաղաքից էր: 1915-ին նա ու ընտանիքը հարկադրւած են լքել իրենց տունը: Նրանց աքսորել են դէպի Սիրիայի անապատը: Մայրը, հայրը, իրենից փոքր քոյրերը մահացել են աքսորի ճանապարհին: Մեծ մայրս ու նրա եղբայրը մաս կազմեցին Ռեսլայնի 8 հազար որբերի։

Սա մի արկած չէր, ինչպէս նաեւ պատերազմի պատճառով խաղաղ բնակիչների կորուստ չէր։ Սա հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծելու ծրագրի մի մասնիկն էր: Նպատակը, բացի Թուրքիան հայաթափելուց, հայերի տները, հողամասերն ու ունեցւածքը թալանելն էր: Ես թուրքերից ներողութիւն չեմ պահանջում, բայց ակնկալում եմ յետեւեալ հարցիս պատասխանը`

Հայերի համար յարգանքը, հաւասարութիւնն ու արդարութիւնը շատ համարելը ի՞նչ նպատակի է ծառայում: