Աղբիւր՝ www.himnadram.org

 

Հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխաւորութեամբ նոյեմբերի 18-ից 22-ը կ'անցկացնի իր 16-րդ համաեւրոպական հեռախօսամարաթոնը, որի մեկնարկն ազդարարուեց նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանում կայացած ճաշկերոյթով: Այս տարուայ դրամահաւաք միջոցառման կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջեանը: Վերջիններս այդ 5 օրերի ընթացքում կը քաջալերեն հայ համայնքին` միջոցառմանն առաւել ակտիւ մասնակցութիւն ցուցաբերելու նպատակով:

Դրամահաւաքի հասոյթը կ'ուղղուի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տաւուշի մարզում տարիներ շարունակ իրականացուող գիւղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Սիրիայի եւ Իրաքի հայ ապաստանեալների օգնութեանը:

«Չարագործների ձեռքով այսօր մեր երկիրը` Ֆրանսիան, վիրաւոր է: Մենք սգում ենք: Նոյն դաժանութիւնը 1915թ-ին տեսած մեր հայ ժողովրդի զաւակների մի մասն էլ այսօր բարբարոսների պատճառով հարկադրաբար լքում է իր տունը Սիրիայում եւ Իրաքում եւ տարագիր ճամփայ որդեգրում: Սա հարուած է մի քաղաքակրթութեան, որի հիմքում ընկած են սէրը մերձաւորի հանդէպ, յարգանքը մարդկային արժանապատուութեան նկատմամբ, հանդուրժողականութիւնն ու ազատութիւնը: Հայաստանն ու Արցախը նոյն քաղաքակրթութեան կրողներն են: Մենք պէտք է պաշտպանենք այդ քաղաքակրթութեան սահմանները եւ աջակցենք այն տասնեակ հազարաւոր հայերին, ովքեր այսօր հրատապ օգնութեան կարիք ունեն: Հեռախօսամարաթոն 2015-ի կնքամայր Անն Իդալգոյի եւ կնքահայր Պատրիկ Դեւեջեանի համաձայնութեամբ մենք անցկացնում ենք մարդասիրական խոշոր այս ակցիան, ինչպէս որ նախատեսուած էր: «Դուք մեզ չէք վախեցնի» խօսքերը, որ գրուած են Փարիզի շէնքերի պատերին, լիովին արտացոլում են մեր դիքորոշումը», յայտարարում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:

Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներից աւելի քան 600 կամաւոր 5 օր շարունակ հեռախօսով կապւում է եւրոպաբնակ շուրջ 50000 հայ ընտանիքների հետ եւ հանգանակութիւններ հաւաքագրում:

Հեռախօսամարաթօնին մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան եւ Շուեյցարիան: Եւրոպայում գործող Հիմնադրամի միւս տեղական մարմինները /Մեծ Բրիտանիա, Աւստրիա, Հոլանդիայ, Շուէդիայ, Ռումինիայ, Յունաստան, Կիպրոս/ իրենց երկրներում կիրառում են սեփական դրամահաւաք մեխանիզմները:

 

Հեռուստամարաթոն 2015-ի գլխաւոր հովանաւոր - ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

Հովանաւոր - ԱԿԲԱՅ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

Գործընկեր - ՀԱՅՓՈՍՏ