Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թւականիս սեպտեմբերի 10-ին Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ, Թեհրանում կատարւելու է 47-րդ շրջանի Համահայկական խաղերի բացումը, որը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Խաղերի գծով կեանքի է կոչւել գործադիր յանձնախումբ: Մանրամասնութիւններին ծանօթանալու նպատակով, հարցազրոյց ենք ունեցել Կազմակերպիչ յանձնախմբի ընդհանուր պատասխանատու Սաքօ Ազիզեանի եւ փոխնախագահ Դէյւիդ Խաչատրեանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցը:

Սաքօ Ազիզեանը զրոյցի ընթացքում նշեց, որ «Յանձնախումբը կեանքի է կոչւել օգոստոսի սկզբին եւ աւելի քան 14 նիստեր է գումարել: Յանձնախումբը 12 անդամներով, սկսել է իր աշխատանքը: Անդամներն են՝

Սաքօ Ազիզեան՝ նախագահ

Դէյւիդ Խաչատրեան՝ փոխնախագահ

Ալինա Թադէոսեան՝ քարտուղար

Ադրինէ Կարապետեան՝ նիւթականի պատ.

Սիոնա Շադքամի՝ գրասենեակի պատ.

Նարբէ Իսրայէլեան եւ Սարմէն Ասատրեան՝ բանակումի պատասխանատուներ

Ժոռէս Գրիգորեան՝ խաղերի պատ.

Արմոնդ Միրզախանեան՝ բացման պատ.

Մայիս Մինասեան՝ հիւրընկալութեան պատ.

Վրոյր Յարութիւնեան՝ Հանրային կապի պատ.

Օրբէլ Ղարադաղի՝ խորհրդատու

Արսինէ Կարապետեան՝ Մարզական վարչութեան կապ:

Նա շարունակելով խօսքը նշեց. «Այս տարի մարզիկների արձանագրութիւնը երկու փուլերով կայացաւ եւ արձանագրութիւնը ինտերնետային կարգով էր. ցայժմ արձանագրւել են աւելի քան 600 մարզիկ-մարզուհիներ:

Խաղերին մասնակցելու են հետեւեալ միութիւնները՝ Հ.Հ.Ը.Մ., Հ.Բ.Ը.Մ., Հ.Մ.Ա.Կ., Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնները, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութիւնը, Շահինշահրի Փերիոյ միութիւնը, Թաւրիզի, Ուրմիայի եւ Գեարդաբադի «Արարատ»-ի մասնաճիւղերի մարզիկ-մարզուհիները»:

Յանձնախմբի նախագահ՝ պրն. Ազիզեանը իր խօսքում ասաց. «Յանձնախումբը հանդիպում է ունեցել Թ. Հ. Թ. 100-ամեակի Յանձնախմբի հետ:

Խաղերին մասնակցելու են Հայաստանի տղայոց բասկետբոլի եւ Հնդկաստանից հայ ուսանողական խմբերը, իհարկէ նշեմ, որ յիշեալները ժամանակին ուսանել են Հնդկաստանում եւ այդ անունով են խումբ ներկայացնում:

Խաղերը ընթանալու են հետեւեալ մարզաձեւերում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, թեթեւ ատլետ, թենիս, լող, պինգ-պոնգ, շախմատ եւ ժայռամագլցում:

Այս տարի թէեւ նախատեսւած չէ պետական բարձրաստիճան հիւրերի մասնակցութիւն՝ նախարարի մակարդակով սակայն ունենալու ենք պետական եւ տարբեր ֆեդերացիաներից հիւրեր:

Նախատեսւել է նաեւ մարմնամարզական (տասնամարտ) անձնական մրցումը, որը ընդառաջւելու պարագայում՝ միւս շրջանից աւելանալու է մարզաձեւերի ցանկին:

Յանձնախմբի փոխնախագահ՝ Դէյւիդ Խաչատրեանը հակիրճ բացատրութիւն տւեց բացման արարողութեան մասին եւ յայտնեց, որ այս տարւայ բացման արարողութեան ջահը վառւելու է խաղերից երեք օր առաջ՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, ձեռամբ՝ Թ. Հ. Թ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի: Ապա ջահը փոխանցւելու է մարզաւանի Ս. Խաչ մատուռը, մինչեւ բացման օրը: Բացման համար նկատի է առնւել ճոխ ծրագիր եւ յուսանք ամէն ինչ բարեյաջող ընթանայ,

Նա աւելացրեց. «Խաղերը տեւելու են 7 օր: Տոմսերի գինը բացման օրը լինելու է հինգ հազար, իսկ յաջորդ օրերին՝ չորս հազար թուման: Մարզիկների կեցութեան համար նախատեսւած է «Արարատ» մարզաւանը եւ դժւարութեան պահին օգտւելու ենք քոյր միութիւններից:

Սաքօ Ազիզեանը վերջում իր գնահատանքի խօսքն ուղղեց յանձնախմբի անդամներին, որոնք կարճ ժամանակամիջոցում յագեցած ծրագրացանկով խիստ աշխատանք են տարել:

Հարցազրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ