Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Կանադայում Թուրքիայի դեսպանատունը քննադատել է կանադացի երկու պատգամաւորների եւ Հայ դատի յանձնախմբի անդամի յայտարարութիւնները, որոնցով նրանք Թուրքիայի կառավարութեանը մեղադրում են Դեր Զորի հայկական եկեղեցու վրայ յարձակմանն աջակցելու համար: Բանն այն է, որ հոկտեմբեր 9-ին, Կանադայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ Օթթաւայի մամուլի ակումբում տեղի է ունեցել ասուլիս, որի ընթացքում Կանադա-Հայաստան բարեկամութեան խորհրդարանական խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը եւ խորհրդարանի անդամ Հելէն Լաւերտ-լերը դատապարտել են Դեր Զորի՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած եկեղեցու ռմբակոծումը: Հաղորդագրութեան մէջ դեսպանը նշել է. "Թուրքիայի դեսպանատունը հիմնովին մերժում է Հայ Դատի յանձնախմբի եւ Կանադայի խորհրդարանի անդամ Հարոլդ Ալբրեխթի մեղադրանքը, թէ Դեր Զորի հայկական եկեղեցին ռմբահարած "Իսլամական պետութեան" զինեալները Սիրիա են ներթափանցել Թուրքիայի կառավարութեան անմիջական օժանդակութեամբ": Դեսպանն անդրադարձել է ասուլիսում Հայոց ցեղասպանութեան շուրջ հնչած կարծիքներին՝ հերքելով դրանք եւ յիշատակելով Անկարայի մշտական ձեւակերպումներով "1915-ի դէպքերը":