Աղբիւր՝ www.asbarez.com

 

Մի խումբ համշէնահայեր, Համշէնի լեզուն եւ մշակոյթը տարածելու եւ ապագայ սերունդներին փոխանցելու նպատակով, պատրաստւում են տպագրելու համշէնահայերէնով առաջին ամսագիրը Թուրքիայում:

Պարբերականը կրելու է «Գոր» (համշէնահայերէնով՝ կամաւոր աշխատանք) անունը: Խումբը սոյն ամսագրի հրատարակման աջակցելու կոչ է արել բոլոր համշէնցիներին՝ հանդէս գալով «Գրի գոր ունէք, դուք էլ թեւ ձգեցէք» (համշէնահայերէն՝ «Գրի մեր կամաւոր աշխատանքին դուք էլ մասնակցէք») կարգախօսով:

Ըստ թրքական «Դիջլէ» լրատւական գործակալութեան եւ «Էւրենսէլ» օրաթերթի՝ համշէնցի ուսումնասիրողներից, գրողներից, լրագրողներից, երաժիշտներից եւ ուսանողներից բաղկացած վերոնշեալ խումբը փափագում է «Գոր» ամսագրի առաջին թիւը հրատարակել սեպտեմբերին: Ամսագրի 90 տոկոսը բաղկացած է լինելու Համշէնի եւ համշէնահայութեան պատմութեան ու մշակոյթի մասին նիւթերից:

Այս նախաձեռնութիւնն աննախընթաց երեւոյթ է Թուրքիայում, որտեղ անցնող տասնամեակներին փոքրամասնութիւնների մշակութային ազատութիւնների հանդէպ հետեւողական կաշկանդում է գործադրւել: