Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Կիրակի՝ 29 յունիսի 2014-ին, Վեհափառ Հայրապետին այցելեց Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Միշել Ժալխը։

Առաջին հերթին նա, Վեհափառ Հայրապետին, որպէս Խորհրդի նախագահներից մէկը, մանրամասն զեկոյց տւեց Ամմանում տեղի ունեցած միջ-եկեղեցական հանդիպման մասին, որտեղ կարեւոր որոշումներ էին առնւել Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի ծրագրային առաջնահերթութիւնների ու վարչական դրութեան առընչւած։ Նա նաեւ զեկուցեց Վեհափառին խորհրդի ընդհանուր գործունէութեան մասին։

Իր կարգին Վեհափառ Հայրապետը հետեւեալ թելադրութիւնները կատարեց ընդհանուր քարտուղարին.- ա) Կարելի փութով կազմակերպել Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդի գործադիր վարչութեան ժողովը, նկատի ունենալով շրջանում տիրող անբնական կացութիւնը։ բ) Առաջնահերթ կարեւորութիւն տալ քրիստոնեայ գաղթականներին կատարւող օգնութեանը, այն ներդաշնակելով իւրաքանչիւր եկեղեցու կողմից կատարւող մարդասիրական օժանդակութեան հետ։ գ) Կազմակերպել Միջին արեւելքի հոգեւոր պետերի հանդիպում։

Յայտնենք, որ Միջին արեւելքի եկեղեցիների խորհրդին մաս են կազմում շրջանի բոլոր եկեղեցիները։ Խորհուրդը կազմւել է եկեղեցական չորս ընտանիքների հիման վրայ՝ Արեւելեան ոչ-քաղկեդոնական եկեեցիներ, Արեւելեան ուղղափառ եկեղեցիներ, Կաթոլիկ եկեղեցիներ եւ Բողոքական եկեղեցիներ։ Յիշեալ կառոյցը Միջին արեւելքում միակ միջ-եկեղեցական կառոյցն է։