Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իսպանիայի ինքնավար Նաւարա տարածաշրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Ինչպէս PanArmenian.net-ին են յայտնել "Հայաստանի եւրոպացի բարեկամներ" (EuFoA) կազմակերպութիւնում, Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին հռչակագիրը Նաւարայի միակուսակցական խորհրդարանն ընդունել է յունիսի 23-ին: Փաստաթղթում ասւում է, որ "ըստ 1987 թ. յունիսի Եւրախորհրդարանի բանաձևի, ինչպէս նաև դրան յաջորդած 2002 թ. փետրւարի 28-ի և 2004 թ. ապրիլի 1-ի բանաձևերի համաձայն, հայ ժողովրդի ողբերգութիւնը Ցեղասպանութիւն էր": "Որքան մօտենում է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը, այնքան պարզ է դառնում, որ նման յայտարարութիւնները ցուցադրում են Եւրոպայի համերաշխութիւնը հայ ժողովրդի հետ: Մենք հպարտ ենք, որ մեր յամառ աշխատանքի շնորհիւ Եւրոպայում շահագրգիռ կողմերն աւելի յաճախակի են գիտակցում այդ հարցի կարևորութիւնը",- յայտարարել է EuFoA տնօրէն Էդւարդօ Լորենցօ Օչոան: Նաւարայի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է թուրքական ռեժիմի քաղաքականութիւնն ու կոչ է անում Թուրքիային դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ ներդաշնակ բարիդրացիութեան ոգով և խաղաղ ճանապարհով լուծել սահմանի հարցը: Փաստաթղթում նաև ասւում է, որ հաշւի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպէս ԵՄ անդամակցութեան թեկնածու, այս երկու հարցը անյապաղ լուծման կարիք ունի: Նաւարան դարձաւ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: Ցեղասպանութեան փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարեան կղզիները: