Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Էրօ Հայնալուօման հինգշաբթի՝ մայիսի 29-ին Անկարա էր եկել հանդիպումներ ունենալու համար Թուրքիայի խորհրդարանական շրջանակների հետ։ Նա անջատ մի տեսակցութիւն է ունեցել Թուրքիայի իր պաշտօնակցի՝ Ջեմիլ Չիչեքի հետ, ով առիթից օգտւելով՝ սեղանի վրայ է դրել նաեւ Հայոց ցեղասպանութեան հարցը եւ խիստ բառերով մերժել հայերի պնդումները։

Չիչեքն ասել է, որ Հայաստանն ու Հայկական Սփիւռքը ջանանում են «ամբողջ աշխարհը մոլորեցնել»՝ պնդելով, որ «1915-ին ապրւած ցաւալի եղելութիւնները» ցեղասպանութեան համազօր էին։ «Հայերը շարունակում են թուրքերին արատաւորելու քաղաքականութիւն գործադրել, մինչդեռ ամենամեծ նախատինքն ու անարգանքն է այս երկիրն ամբաստանել Ցեղասպանութեան անհիմն մի պնդումով։ 2015-ի նախօրեակին, Հայաստանը շարունակում է աշխատել, որպէսզի զանազան երկրների խորհրդարաններում Ցեղասպանութիւնը դատապարտող որոշումներ ընդունւեն։ Շատ յստակ կերպով ասեմ, որ մենք կողմնակից ենք պատմաբանների հասարակաց մի յանձնախումբ հաստատելու գաղափարին։ Որ երկրի պատմաբանը, որ ուզենայ եւ որ ունի փաստաթուղթ, թող գայ, բայց այս գործի մէջ խորհրդարանները պէտք չէ գործածւեն։ Անցեալը գիտնականների եւ պատմաբանների գործն է։ Բայց հայերն այսպիսի մի առճակատումից վախենում են։ Ջանանում են մոլորեցնել զանազան երկրների խորհրդարաններին։ Այս նիւթի մէջ ձեզանից սպասում ենք բծախնդիր կեցւածք։ Սա երկրների հետ մեր յարաբերութիւնները խանգարող գլխաւոր հարցերից մէկն է։ Մեր վարչապետն ապրիլի 24-ի կապակցութեամբ մի պատգամ տւեց, հիմա Հայաստանից եւ Սփիւռքից սպասում ենք նրա փոխադարձը»,- դիտել է տւել Չիչեքը։

Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը պատասխանել է, որ Հայոց հարցի մէջ թուրքերի նոյն զգացումները բաժանում է եւ հաւատում, որ պատմութիւնը պէտք է արժեւորւի պատմաբանների կողմից։