Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Առանց սահմանների լրագրողներ» կազմակերպութեան 2014-ի «Լրատւութեան 100 հերոսներ»-ի ցանկի վրայ ընդգրկւել են երկու թուրք լրագրողներ՝ «T24» անկախ համացանցային թերթի մեկնաբան Հասան Ջեմալը եւ «Ռադիքալ» թերթի թղթակից Իսմայիլ Սայմազը, «թրքական մամուլի մէջ խիզախ հրապարակումներ» կատարած լինելու համար:

Հասան Ջեմալը հանդիսանում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած եւ Թուրքիայի հասարակութեան մէջ Հայկական հարցի նկատմամբ թաբուները վերացնելու գծով մեծ դերակատարութիւն ունեցած մտաւորականներից մէկը:

Ըստ թրքական «gazeteciler.com» լրատւական կայքի՝ Հասան Ջեմալը «Լրատւութեան հերոսներ»-ի շարքին դասելու գործի մէջ զգալի ներդրում են ունեցել նրա համարձակ հարցազրոյցները՝ Քիւրդիստանի բանւորական կուսակցութեան (PKK) զինեալ թեւի առաջնորդների հետ, ինչպէս նաեւ՝ Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանութիւն» գիրքը, որ մեծապէս նպաստել է Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան նկատմամբ կարծրացած հանրային կարծիքի փոփոխութեանը:

Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչ պարագլուխներից մէկի՝ Օսմանեան կայսրութեան ռազմածովային նախարար Ջեմալ փաշայի թոռն է: Ջեմալ փաշան սպանւել է 1922-ի յուլիսին, Թիֆլիսում, հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկեանի, Արտաշէս Գէորգեանի եւ Պետորս Տէր Պօղոսեանի կողմից: