Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել, տեղեկացնում է Tert.am-ը, մէջբերելով «Անադոլու» գործակալութեանը։

Յայտարարութիւնը տեղադրւած է Թուրքիայի կառավարութեան կայքում եւ թարգմանւած է 9 լեզուներով, այդ թւում՝ արեւելահայերէն եւ արեւմտահայերէն։

Իր խօսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձութիւնների հետեւանքով կեանքից զրկւած հայերի հոգիներին հանգստութիւն է մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցաւակցութիւն է յայտնել։

Յայտարարութեան մէջ նշւում է, որ հայ քաղաքացիների եւ աշխարհի բոլոր հայերի համար կարեւոր նշանակութիւն ունի ապրիլի 24-ը։

Նա նշել է, որ այդ ժամանակաշրջանն Օսմանեան կայսրութեան տարածքում ապրած թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնաւոր բնակիչների համար՝ անկախ կրօնից եւ էթնիկ ծագումից, ցաւերով լի դժւարին շրջան է եղել։

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դէպքերը մեր բոլորի ընդհանուր ցաւն է»,- ասել է Էրդողանը։

Իհարկէ, նշենք, որ ըստ Panorama.am-ի, Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ յայտարարութեանը:

Էրդողանը շեշտել է, որ ցաւակցական ուղերձը վերաբերում է ոչ միայն հայ զոհերի թոռներին, այլեւ նոյն ժամանակաշրջանում մահացած օսմանցի միւս քաղաքացիների` թուրքերի, բոսնիացիների, ալբանացիների եւ լազերի թոռներին: Բոլորի զոհերի հոգիներին հանգստութիւն մաղթելով`Էրդողանը նշել է, որ «Յիշատակման միջոցառումները երբեմն օգտագործւում են որպէս շահագործման միջոց աշխարհում»:

«Մեր կողմից անհրաժեշտ քայլերից բացի հարկ կայ նաեւ, որ հակառակ կողմն էլ անհրաժեշտ քայլ կատարի: Մենք բոլոր քայլերը կատարեցինք, քայլ անողը մենք եղանք: Ոչ վաղ անցեալում մեր արտգործնախարարը Հայաստանում էր: Շւէյցարիայի հետ բանացկութիւններ ունեցանք, նրանք էլ են այդ հարցում կարեւոր քայլեր կատարել»,- գրում է աղբիւրը, մէջբերելով թուրքական «Սոնդաքիքա» լրատւական կայքը: