Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Թուրքերը պէտք է դատապարտեն իրենց նախնիների՝ հայերի նկատմամբ կատարած յանցագործութիւնները, քանի որ դա է Թուրքիայի, ինչպէս նաեւ հայ-թրքական յարաբերութիւնների ապագան»: «Առաջին Համաշխարհային պատերազմի Կովկասեան ճակատը. ցեղասպանութիւն, փախստականներ եւ մարդասիրական օգնութիւն» գիտաժողովի ընթացքում արտասանած իր խօսքի մէջ այս հաստատումը կատարեց Ռուսիայի Գիտութիւնների ակադեմիայի Միջազգային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների հիմնարկի ներկայացուցիչ Վիքթոր Նադէին Ռայեւսքին, ում կարծիքով՝ եթէ ցեղասպանութիւնները մարդկութեան կողմից չդատապարտւեն, նրանք նոր յանցագործութիւնների ճամբայ կը բանան։

Վիքթոր Նադէին Ռայեւսքին հաստատեց՝ փաստ է, որ հայերի դէմ յանցագործութիւնները կատարւել են Օսմանեան Թուրքիայի տարածքում, ինչը հաստատւել է Օսմանեան ղեկավարութեան, ինչպէս նաեւ Պոլսի դատարանի կողմից կայացած դատավարութեան ընթացքում՝ 1919 թւականին: «Միջազգային հանրութիւնը եւ հասարակական շրջանակները տակաւին այն ժամանակ վերջակէտ էին դրել այն իրողութեանը, թէ ո՛վ է մեղաւոր հայերի ցեղասպանութեան գործադրութեան մէջ, մինչդեռ այդ վերջակէտը դրել էին եւրոպացիները, բայց ոչ թուրքերը»,- ասաց գիտնականը:

Հաւաքագրւած իրատեսական փաստաթղթերի թիւը վկայում է կատարւած ողբերգութեան իսկական տարողութեան մասին: «Թուրքերը որքան էլ չխօսեն բնակչութեան եւ ունեցւածքի ոչնչացման մասին, յստակ է, որ խօսքը վերաբերւում է աւելի քան 2 հազար 500 բնակավայրերի, մօտ 2 հազար 400 եկեղեցիների, հարիւրաւոր հայկական դպրոցների, կազմակերպութիւնների, որոնց տէրերը յանկարծակի կերպով կորել են»,- պարզաբանեց բանախօսը՝ աւելցնելով, որ կատարւած իրադարձութիւնների մասին առաջին աղմուկը բարձրացել է 1915-1916 թւականներին: