Աղբիւր՝ www.asbarez.com

 

Մարտի 16-ին, Ստամբուլի «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում Թուրքիայի լրագրողներից, փաստաբաններից եւ մարդու իրաւունքների պաշտպաններից բաղկացած նախաձեռնող խումբը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ համաժողով էր կազմակերպել՝ «2015 թւականից 1 պակաս. մեր անցեալն ու ապագան» խորագրով:

Գիտաժողովի առաջին նիստը կրում էր «1915 թւականի կնոջ դէմքը» խորագիրը, որը նւիրւած էր Հայոց ցեղասպանութեան ժամանակ բռնութեան ենթարկւած կանանց խնդիրներին: Ցեղասպանութեան մոռացւած կամ անտեսւած այս երեսի շուրջ վերջերս կարեւոր ուսումնասիրութիւններ են կատարւում, որոնք ի յայտ են բերում նոր փաստեր: Ուսումնասիրութիւնները հրապարակ են հանում հայ կանանց դժւարութիւններով լեցուն եւ մոռացւած պատմութիւնները:

Նիստի ժամանակ բանախօսներից Գայուշ Չալըքման Գաւրիլովն իր ընտանիքի պատմութեան օրինակով անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայ կանանց ու աղջիկների կրած տառապանքներին: Բանախօսը նշեց, որ այս կանայք վախի կամ ամօթի արդիւնքում խուսափում էին խօսել իրենց անցեալի, արմատների մասին: Ցեղասպանութեան այս տրաւման (վէրքը, հոգեկան ցնցումը) նրանցից ոմանք կարողացան յաղթահարել եւ խօսել իրենց թոռների կամ երեխաների հետ:

Գ. Չալըքմանն անդրադառնալով այսօր կանանց իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած պայքարին՝ յայտնեց. «Երբ այսօր Ստամբուլի փողոցներ ենք դուրս գալիս եւ պաշտպանում բռնաբարւած երեխաների ու կանանց, երիտասարդ տարիքում բռնի ամուսնացւած աղջնակների իրաւունքը, ես այս պայքարի շրջանակներում բարձրաձայնում եմ նաեւ բռնութեան ենթարկւած այդ հայ կանանց բողոքը»:

Բանախօսը հետաքրքիր դիտարկում կատարեց նաեւ ցեղասպանութիւն վերապրած երեխաների գենետիկ յիշողութեան, հայկական սովորոյթներն ու աւանդոյթները ենթագիտակցական մակարդակով պահպանելու եւ առօրեայում ծածուկ կիրառելու վերաբերեալ. «Շատ եմ մտածել, թէ 6 տարեկան երեխան ինչպէ՞ս կարող էր յիշել եւ յետագայում, մօր պէս, չէօրէք (Զատկւան խմորեղէն) պատրաստել: Կարծում եմ՝ հայ ընտանիքները, վտանգւած գոյութեան ենթագիտակցական բնազդով, շատ վաղ տարիքից իրենց երեխաներին փոխանցում են շատ մեծ գենետիկ ինֆորմացիա մեր սովորոյթների, մշակոյթի մասին»:

Բանախօսներից Գիւլչիչեք Գիւնել Թեքինը, անդրադառնալով Ցեղասպանութեան ժամանակ քրդական գործօնին, նշեց, որ անշուշտ Մարդինում, Բաթմանում, Դերսիմում եւ միւս հայաբնակ վայրերում քրդերը կազմակերպւած կամ ոչ-համակարգւած կերպով մասակցել են հայերի կոտորածին, եւ այս փաստն այսօր ընդունում են նաեւ քրդերը, որի համար ներողութիւն են խնդրում: Ըստ բանախօսի՝ սակայն չպէտք է մոռանալ, որ բազմաթիւ քրդեր, թուրքեր, արաբներ եւ այլ մուսուլման բնակիչներ նաեւ փրկել ու տէր են կանգնել այդ երեխաներին ու կանանց: Հետեւաբար չպէտք է կատարածի համար մեղադրել եւ դատապարտել մի ողջ ժողովրդի: Ի պատասխան բանախօսի դիտարկմանը՝ լսարանից մէկն իրաւացիօրէն նկատեց, որ եթէ անգամ այս երեխաներին ու կանանց փրկել են, միեւնոյն է՝ նրանք այլեւս ալեւիացւել, քրդացւել եւ թրքացւել են, այսինքն՝ հայկական արմատներից պոկւել են, ինչն արդէն իսկ համարւում է ցեղասպնութիւն:

Բաւականին բուռն անցաւ համաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ իրաւաբան բանախօսները ցեղասպանութեանն անդրադարձան իրաւունքի տեսանկիւնից՝ համեմատականներ անցկացնելով ցայսօր կատարւած ցեղասպանութիւնների միջեւ: Բանախօսները նշեցին, որ «հայրենիքը պաշտպանելու բնազդով» թէ՛ պետական, եւ թէ միութիւնների մակարդակով ժխտում եւ ամէն ինչ անում են, որ խօսք չլինի ոչ միայն Հայոց ցեղասպանութեան, այլեւ հանրապետական շրջանում տեղի ունեցած բազմաթիւ կոտորածների ու բռնութիւններ մասին: Անգամ եթէ որեւէ հարց տեղափոխւում է Եւրոպայի մարդու իրաւունքների դատարան, ապա վճարում են տոյժը, եւ ամէն ինչ դրանով վերջանում է: Այս ուղղութեամբ հասարակութիւնը պէտք է պետութեան վրայ մեծ ճնշում գործադրի:

Փաստաբան Ռամազան Դէմիրը նկատեց, որ միջազգային ասպարէզում պէտք է գործունէութիւն ծաւալել՝ պետութեանը ճնշելու, նրա վարքը փոխելու եւ ապագայում նման յանցանքներից խուսափելու համար. «Թուրքիայի քրէկան օրէնսգրքում մարդկութեան դէմ յանցանքը եւ ցեղասպանութիւնը պատժող յօդւածներ կան, սակայն այն մտցւել է ձեւականօրէն, Եւրոպայի աչքին թոզ փչելու համար. յամենայն դէպս, ես չեմ տեսել, որ երբեւէ այս յօդւածները կիրառւեն»:

Նիստի ընթացքում հարց հնչեց Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան փաստն ընդունելուց յետոյ կատարւելիք քայլերի վերաբերեալ: Ի պատասխան՝ փաստաբան Էրջան Քանարը նշեց. «Կարելի է կազմել ճանապարհային քարտէզ, համաձայն որի՝ Թուրքիան պէտք է ներողութիւն խնդրի աշախարհասփիւռ հայերից, վերականգնի նրանց քաղաքացիութեան իրաւունքը եւ թոյլ տայ գալ ու բնակւել իրենց հողերում:

Քանի որ Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ հողային կամ փոխհատուցման պահանջ մինչ այժմ առաջ չի քաշել, ըստ էութեան, հողային պահանջ չի կարող բարձրացնել, քանի որ Կարսի պայմանագրով հրաժարւել է, հետեւաբար, կարծում եմ՝ թուրքական պետութիւնը պէտք է անձնապէս փոխհատուցի ցեղասպանութեան ենթարկւածների ժառանգներին: Վերականգնի հայկական բնակավայրերի նախկին անունները, վերանորոգի եկեղեցիները եւ այլն»:

Նիստն ամփոփելով համաժողովը համակարգող Էրեն Քեսքինը, ով Թուրքիայում մարդու իրաւունքների յայտնի պաշտպան ու փաստաբան է, որպէս վերջաբան ասաց. «Մեր լռութեամբ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Անգամ հակահայ կեցւածքով յայտնի Դողու Փերինչեքի ազատ արձակման փաստը մեր օրակարգ չբարձրացրեցինք, լռել նախընտրեցինք»:

Համաժողովի երրորդ նստաշրջանում լրագրող բանախօսներն անդրադարձան թուրքական եւ քրդական մամուլում Հայոց ցեղասպանութեան թեմային:

Լրագրող Մեհմեդ Գեօջեքլիի կարծիքով՝ թուրքական մեդիայից շատ բան է կախւած: Զանգւածային լրատւամիջոցները պէտք է հասարակութեանը ներկայացնեն հայերին, նրանց մշակոյթը. «Պէտք է այս հողերում ապրող մարդկանց ներկայացնել, թէ ովքեր են այս հայերը, չէ՞ որ բոլորը չգիտեն, թէ ովքեր են այս մարդիկ: Դպրոցական հասակից դասագրքրեր մեզ սովորեցնում են, թէ հայերը դաւաճան ու վտանգաւոր են մեր հայրենիքի համար»:

Լրագրող Էրգիւն Բաբահանն իր զեկոյցում նշեց, որ Հայոց ցեղասպանւթեան վերաբերեալ թուրքական մամուլում անհաւատալի լռութիւն է տիրում, որովհետեւ համատեղ մեղք է գործւել. «Ոչ ոք չի ուզում ասել, որ սպանել է իր հարեւանին, գողացել նրա աղջկան: Սա հասարակական տրաւմայի արդիւնք է: Թուրքիայի միակ խնդիրն այն է, որ իր հասարակութեանը մեծացնում է վախի մթնոլորտում, թերարժէքութեան բարդոյթով: Գոյութիւն ունեցող առերեսման վախի տաբուն կարող է ջարդել սոցիալական մեդիան: Սա աստիճանաբար պէտք է տեղի ունենայ, մինգամից չես կարող ասել՝ այո՛, սպանել ու բռնաբարել ենք: Կարծում եմ՝ պէտք է վաւերագրական ֆիլմերի, նման գիտաժողովների միջոցով ժողովրդին պատրաստել»:

Լրագրող Սեդաթ Եըլմազը ներկայացնելով, թէ ինչպէս է արդի փուլում քրդական մամուլն անդրադառնում Հայոց ցեղասպանութեան փաստին, նշեց մի շատ կարեւոր հանգամանք. թուրքական մամուլում յաճախ Խոջալուում կատարւածը փորձում են հակակշիռ ներկայացնել Հայոց ցեղասպանութեանը՝ դրանով փակուղի տանել այն: Սա եւս ժխտողական քաղաքականութեան դրսեւորում է:

Այս հարցի շուրջ կարծիք յայտնեց նաեւ փաստաբան Էրդալ Դողանը. «Իրաւական տեսանկիւնից Խոջալուի դէպքերը չի կարելի որակել որպէս ցեղասպանութիւն եւ համեմատականներ անցկացնել: Եթէ թուրքական պետութիւնն ուզում է այս հարցի շուրջ յայտարարութիւն անել կամ խառնւել, ապա թող երկու կողմերի խորհրդարաններից թոյլտւութիւն ստանայ, անկախ փորձագէտներից կազմւած յանձնաժողով ուղարկի եւ նոր որեւէ յայտարարութեամբ հանդէս գայ»:

ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Ստամբուլ