Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ֆրանսիայի քրդական ասոցիացիաների դաշնութիւնը դատապարտում է հայերի յիշատակի ու արժանապատւութեան հանդէպ ոտնձգութիւնը: Նման յայտարարութիւն դաշնութիւնը տարածել է՝ կապւած Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշման հետ՝ Հայոց Ցեղասպանութեան թուրք ժխտող Դողու Փերինչէքի գործով: Այդ մասին գրել է «Nouvelles d'Armenie »-ն:

Քրդական կազմակերպութեան յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Համաձայն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշման՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը մարդու իրաւունքների խախտում չէ: 2013 թ.-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը համարեց, որ Թուրքիայի Աշխատաւորական կուսակցութեան նախագահ Դողու Փերինչէքի կողմից Շւէյցարիայում կոնֆերանսի ժամանակ Ցեղասպանութեան ժխտումը խօսքի ազատութեան շրջագծում էր, որն ամրագրւած է կոնւենցիայի 10-րդ յօդւածով: Այստեղից եզրակացութիւն, որ Շւէյցարիան դատապարտելով Դողու Փերինչէքին՝ խախտում է այս դրոյթը: Որոշումը ցնցող է ու անթոյլատրելի, ինչպէս հայերի, այնպէս էլ՝ միւս ժողովուրդների համար, ովքեր Թուրքիայում զանգւածային սպանութիւնների ու ցեղասպանութեան զոհ են դարձել, հիմնականում՝ քրդերի ու ասորիների»:

Յիշեցնենք, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը բաւարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչէքի հայցը՝ ընդդէմ Շւէյցարիայի՝ որոշումը հիմնաւորելով խօսքի ազատութեան սկզբունքով: Թուրքիայի Աշխատաւոական կուսակցութեան նախագահ Դողու Փերինչէքը 2008 թ.-ին Շւէյցարիայում դատապարտւել էր Հայոց Ցեղասպանութեան հրապարակային ժխտման համար: