Աղբիւր՝ www.yerkir.am

Ինջիրլիք ռազմաբազա կատարած այցի շրջանակներում Թուրքիայում գտնւող Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) պատւիրակութիւնը եւ թուրք պաշտօնեաները անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին: Թուրքական «İhlas» լրատւական գործակալութեան տեղեկացմամբ`  Բունդեսթագի պաշտպանութեան յանձնաժողովի անդամներից կազմւած պատւիրակութիւնը Ինջիրլիք մեկնելուց առաջ հիւրընկալւել է մեջլիսում, իսկ այնուհետեւ Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիս է կազմակերպւել:

Ինչպէս տեղեկացնում է Ermenihaber-ը` ասուլիսի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի Պաշտպանական հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը նշել է, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկւել է նաեւ Դաշնային խորհրդարանի ընդունած Ցեղասպանութեան բանաձեւը:

Լամերսը նշել է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Քահրամանի եւ Դաշնային խորհրդարանի նախագահ Լամերտի միջեւ եղած մի նամակագրութիւնում եւս անդրադարձ  է կատարւել տւեալ խնդրին: Փոխնախագահը յոյս է յայտնել, որ այդ նամակագրութիւնում տեղ գտած տեսակէտներն այսուհետ հայկական բանաձեւի հարցում դրական զարգացումների հիմք կը հանդիսանան:

«Որպէս խորհրդարան` Դաշնային խորհրդարանը, բնականաբար, իրաւունք ունի որոշակի դիրքորոշում ունենալու 100 տարի առաջ տեղի ունեցած այդ դէպքերի վերաբերեալ: Մենք հաւատում ենք, որ ապագային պէտք է նայել` ելնելով հէնց այդ որոշման սկզբունքներից եւ պէտք է միջոցներ ձեռք առնել, որպէսզի այդ դէպքերը այլեւս չկրկնւեն», - ասել է Լամերսը: Նա նաեւ յոյս է յայտնել,  որ նշեալ սկզբունքով շարժւելու դէպքում հնարաւոր կը լինի կողմերի միջեւ դրական երկխօսութիւն ձեւաւորել:

Լամերսը նշել է նաեւ, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թուրքիայի ազգային պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Իւսուֆ Բայազըթը կարծիք է յայտնել, թէ հայկական հարցը շահարկւում է տարբեր քաղաքական նպատակներով: Դրան ի պատասխան` գերմանացի պաշտօնեան յիշեցրել է, որ Դաշնային խորհրդարանը իրաւունք ունի տւեալ հարցի վերաբերեալ որոշակի  քաղաքական մօտեցում դրսեւորելու:

«Ոչ դաշնային խորհրդարանը, ոչ էլ կառավարութիւնը այս հարցում հակառակ կարծիք չեն արտայայտել: Թուրքիան, ինչպէս նախկինում, շարունակում է պնդել, որպէսզի խնդիրն ուսումնասիրւի պատմաբանների կողմից: Իսկ մենք նշեցինք, որ այս հարցում խորհրդարանները եւս խօսքի իրաւունք ունեն»,- ասել է Լամերսը: