Աղբիւր՝ www.asbarez.com

 

Իտալիոյ նախագահի հրաւէրով Իտալիա այցելող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, երկուշաբթի՝ փետրւարի 3-ին, խօսել է նաեւ Հայկական հարցի մասին: Գիւլի համաձայն՝ Թուրքիայում «Արդէն յաղթահարւել են» Հայկական հարցի քննարկման կապակցութամբ անցեալի թաբուները եւ ամէն ինչ «ազատօրէն է քննարկւում»:

Ըստ թրքական «Քաֆէսիասէթ» լրատւական կայքի՝ Թուրքիոյ նախագահն ասել է. «2014-2015 թւականները մեզ համար կարեւոր տարիներ են: Թուրքիան միջազգային հարթակների վրայ մի շարք դժւարութիւնների կը բախի: Սրանից 3-4 տարի առաջ մենք կարծում էինք, որ իբրեւ շատ բարեկամներ ունեցող երկիր՝ դիւրութեամբ կը յաղթահարենք այդ դժւարութիւնները: Սակայն աշխարհի ու մեր իրականութիւնները փոխւել են, եւ մինչ մենք զբաղւած էինք ներքին հարցերով, արտաքին դաշտի խնդիրները շատացան: Մեր կառավարութիւնը դեռ մի քանի տարի առաջ տարրաբնոյթ աշխատանքների էր սկսել: Այս պահին, սակայն, կարեւոր է որ բազմապատկնենք մեր ջանքերը՝ բոլորին Թուրքիոյ հետ բարեկամութեան կարեւորութիւնը ցոյց տալու ուղղութեամբ: Թուրքիայում Հայկական հարցի քննարկման դիմաց արգելքներ չկան այլեւս: Այն տարիների ցաւալի իրադարձութիւններն այդ հողերի վրայ տեղի են ունեցել: Դրանք ընդհանուր ցաւեր են: Պէտք է կարողանանք այս մէկն ասել: Սակայն այլ դժբախտութիւններ էլ են տեղի ունեցել, եւ ճիշտ չէ նրանցից որեւէ մէկը միւսից առաջ դասել: Այս հարցով լուռ դիւանագիտութիւն է հարկաւոր»: