Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ֆրանսիայում յունւարի 14-ին մեծ էկրան է բարձրացել գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Դը Քաթ» ֆիլմը` բողոքի ալիք բարձրացնելով նրա հայրենակիցների շրջանում: Ինչպէս յայտնում է «Բրաւօ»-ն, Թուրքիան մահւան սպառնալիքներ է հնչեցրել ռեժիսորի հասցէին, եւ նա ստիպւած է շրջել թիկնապահի հետ:

Ֆիլմը նւիրւած է Հրանտ Դինքի յիշատակին: Ի սկզբանէ ռեժիսորը ցանկացել է հէնց անւանի լրագրողի մասին ֆիլմ նկարահանել` պայմանով, որ վերջինիս մարմնաւորող դերասանն ազգութեամբ թուրք լինի, որի իրագործումը նրան չի յաջողւել. «Դերասանները վախեցան ստանձնել այդ դերը, ես էլ չցանկացայ նրանց վտանգի ենթարկել, եւ ֆիլմն այլ ուղղութիւն ստացաւ»,- ասել է նա:

Ռեժիսորը նշել է, որ չի կարող ասել, թէ սա Ցեղասպանութեան մասին ֆիլմ է. «Ընդամէնը խաղարկային կինոնկար է: Հայերի ցեղասպանութիւնը եթէ ներկայացնէի, պէտք է 12 ժամանոց վաւերագրական ֆիլմ ստեղծէի»:

Ֆիլմի հերոսը դարբին Նազարէթ Մանուկեանն է, ում մարմնաւորում է ալժիրցու արմատներ ունեցող ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը: Թուրք զինւորները կէսգիշերին ներխուժում են Նազարէթի տուն, որտեղ նա ապրում է կնոջ եւ երկւորեակ աղջիկների հետ: Նրան տանում են անապատ` տաժանակիր աշխատանքի: Հայ դարբնին, սակայն, յաջողւում է փրկւել մահից: Իմանալով, որ կնոջը սպանել են` նա որոշում է ամէն գնով գտնել դուստրերին:

«Դը Քաթ»-ում նկարահանւել է ֆրանսահայ հանրայայտ դերասան Սիմոն Աբգարեանը: Վենետիկի փառատօնին, որի շրջանակում էլ նախորդ տարի տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, դերասանն ասել է, որ չնայած` մէկ ֆիլմով երբէք չես կարող պատմել այն ամէնն, ինչ տեղի է ունեցել, սակայն սա հէնց այն է, ինչին հայերը սպասում էին:

Ֆիլմն արդէն դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների եւ կինոդիտողների կողմից: Շատերն այն դիտելու են գնում` ռեժիսորին ճանաչելով, միւսները բացայայտում են նրան` ծանօթանալով նաեւ Հայոց ցեղասպանութեան մասին մի պատմութեան:

Այս լիամետրաժն աննախադէպ է նրանով, որ հէնց թուրքն է հարցին անդրադառնում, բացի այդ, առաջին անգամ են թուրք եւ հայ արւեստագէտները միասին աշխատում այս թեմայով ստեղծագործութեան վրայ: Սցենարի հեղինակը Մարտիկ Մարտինն է, ով ծագումով հայ ամերիկացի է: Ֆիլմի ռեժիսորը նախընտրել է իր ֆիլմը ներկայացնել Վենետիկի կինոփառատօնում, այլ ոչ թէ Կաննում, քանի որ, ըստ նրա, Վենետիկի փառատօնի ներկայացուցիչների արձագանքներն աւելի ոգեւորիչ էին: Նշենք, որ Ֆաթիհ Աքինը Վենետիկի փառատօնի մրցանակակիր է դարձել 2009 թւականին: Նա հանրայայտ մի շարք ֆիլմերի հեղինակ է: