Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Չանաքքալէի կամ, ինչպէս աւելի յաճախ են ասում, Գալիպոլիի ճակատամարտում տարած յաղթանակի 100-ամեակը տօնելու համար Թուրքիայի նախագահը 102 երկրների առաջնորդների, այդ թւում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին ապրիլի 23-ից 24-ին հրաւիրել է Անկարա:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած այդ ճակատամարտում թուրքերը պարտութեան մատնեցին Անտանտի երկրների, մասնաւորապէս՝ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի զօրքերին: Թուրքիա հրաւիրուածների թւում են Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը որդիների՝ Ուիլեամի եւ Հարրիի հետ, Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբաման եւ այլք: «Հիւռիեթ դէյլի նիւզ»-ի հաղորդմամբ, Էրդողանն արդէն հրաւէրներ է ուղարկել ղեկավարներին, իսկ վարչապետ Դաւութօղլուն՝ իր պաշտօնակիցներին: Թուրքական աղբիւրը, վկայակոչելով կառավարութեան մի պաշտօնեայի, պնդում է, թէ Սերժ Սարգսեանին եւս հրաւիրել են, քանի որ 1915 թուականին, իբր, էթնիկ միւս խմբերի նման հայերն էլ կռուել են Օսմանեան կայսրութեան զինուորների շարքերում:

Յիշեցնեմ, որ անցեալ տարի Սերժ Սարգսեանը Թուրքիայի նախագահին հրաւէր ուղարկեց՝ այս տարի ապրիլի 24-ին Հայաստան գալու եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի արարողութեանը ներկայ լինելու համար։