Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Կոմիտաս» հիմնարկը հաղորդում է, որ Թրքական մարդկային իրաւունքների ընկերակցութեան աջակցութեամբ, 22-24 ապրիլ 2015-ին Տիգրանակերտում կազմակերպելու է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման ձեռնարկներ:

Տիգրանակերտը նկատի է առնուել, որովհետեւ Դիարբեքիր նահանգը Հայոց ցեղասպանութեան գործադրութեան գլխաւոր թատերաբեմերից մէկն էր: Նրա կառավարիչ Ռաշիդ բէյը 1915-ին մեծ դերակատարութիւն է ունեցել Ցեղասպանութեան գործադրութեան մէջ:

«Կոմիտաս» հիմնարկը գրում է, որ այսօր Տիգրանակերտում բնակուող մարդիկ ճանաչում են Հայոց ցեղասպանութիւնը եւ ուզում են կացութիւնը շտկել: Քաղաքի համաքաղաքապետները եւ թրքական խորհրդարանում շրջանի ներկայացուցիչները յստակ կերպով խօսում են Հայոց հարցի մասին: Տիգրանակերտ քաղաքն արդէն իսկ աջակցել է Ս. Կիրակոս եկեղեցու վերակառուցման, որ աշխարհի մեծագոյն հայկական եկեղեցիներից մէկն է, իսկ անցեալ տարի, Ցեղասպանութեան ոգեկոչման ընթացքում հայերին զօրակցել են տեղացիները: Նրանց շարքում էին ականաւոր քաղաքագէտներ, փաստաբաններ, մարդկային իրաւունքների գործիչներ եւ ուրիշներ:

«Կոմիտաս» հիմնարկը նշում է, որ յառաջիկայ ապրիլին Տիգրանակերտում հայկական մեծաթիւ մի ներկայութիւն բարոյական ու քաղաքական մեծ նշանակութիւն է ունենալու եւ ամրապնդելու է հայ-քրդական համերաշխութիւնը, ինչպէս նաեւ մարտահրաւէր է ուղղելու Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ժխտումին:

«Կոմիտաս» հիմնարկը նշում է, որ 1990-ականներից ի վեր գործում է Թուրքիայում: Թուրքիայի պետական շրջանակի մտաւորականների ուրացման դէմ դնելու կողքին՝ հիմնարկը նաեւ կամուրջներ է հաստատել թրքական քաղաքացիական հասարակութեան հետ եւ ձգտել է առկախ հարցերի արդար լուծմանը: Հիմնարկը նախապէս եւս յաջող կերպով կազմակերպել է ձեռնարկներ Տիգրանակերտում, ներառեալ՝ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումը: